Լրահոս
Օրվա լրահոսը

Կնշանակվի՞ Ճգնավորյանը Կամերայինի ղեկավար

Սեպտեմբեր 27,2012 14:15

Վ. Մարտիրոսյան

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ու նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը երեկ «Տեսակետ» ակումբում խոսեցին  Կամերայինի 50-ամյա հոբելյանից եւ  2012-13 թթ. համերգաշրջանի բացումից, որը կկայանա այսօր՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Լորիս Ճգնավորյան

Ներկայացնում ենք «Առավոտին» հետաքրքրող հարցերը բանախոսներին։

– 2011թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն եք։ Նախկին ձեր պաշտոնակցի օրոք նվագախումբն ուներ հովանավոր՝ հանձին Վաչե եւ Թամար Մանուկյանների։ Ըստ մեզ հասած լուրերի՝ նշանակումից հետո ՀՀ նախագահին խոստացել եք լուծել հովանավորի հարցը…

Վ. Մարտիրոսյան.- Նման խոստում նախագահին չեմ տվել։ Նախագահն ինքն է աջակցում մեր նվագախմբին։ Արդեն մեկ տարի է, ինչ «Լույս» հիմնադրամը հովանավորում է մեզ, ինչի արդյունքում երաժիշտները ¥նվագախմբում ընդգրկված է 21 երաժիշտ) հանգիստ աշխատում են։

– 2010թ. հանդիսանում եք Նորմանդիայի Կանն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, հետեւաբար՝ կլոր տարին չէ, որ Հայաստանի նվագախմբի հետ եք։ Նպատակահարմար չէ՞ այլ նվագախմբերի օրինակով ունենալ օգնական կամ ինչպես ասվում է՝ երկրորդ դիրիժոր։

Վ. Մարտիրոսյան.- Նախ ասեմ, որ մշտապես նվագախմբի հետ եմ։ Չեմ ուզում, որ նվագախումբը դառնա երկու մարդու նվագախումբ։  Տարբեր ձեռագրեր են հարկավոր, օրինակ՝ հոկտեմբերի 23-ին հրավիրել ենք ճանաչված ջութակահար եւ դիրիժոր Լեւոն Չիլինգիրյանին։ Կարծում եմ, որ դիրիժորական տարբեր ձեռագրերը հետաքրքիր եւ օգտակար են թե՛ նվագախմբի երաժիշտներին եւ թե՛ հանդիսատեսին։ Ամսական պլանային 2 համերգի փոխարեն սեպտեմբերին արդեն ունեցել ենք  5-ը, որոնցում ներգրավել ենք նաեւ հայաստանցի դիրիժորներին։ Մեր երկացանկում աշխատում ենք հնարավորինս շատ ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այս առիթով համագործակցում ենք ինչպես անհատ ստեղծագործողների, այնպես էլ կոմպոզիտորների երկու միությունների հետ։ Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգում կհնչեն հայ ժամանակակից ճանաչված կոմպոզիտորներ Աճեմյանի, Չաուշյանի, Բաբայանի եւ Զաքարյանի գործերը։

– Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ ոչ հեռու ապագայում Կամերայինի գեղարվեստական ղեկավար կնշանակվի Լորիս Ճգնավորյանը…

Վ. Մարտիրոսյան.- 14 տարեկանում առաջին անգամ իբրեւ դաշնակահար հանդես եմ եկել Լորիս Ճգնավորյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ նրա հանդեպ ունեմ մեծ հարգանք։ Ինչ վերաբերում է ձեզ հասած լուրին, նման բան չկա…

Նորայր Նազարյան.- Հունիս ամսին Կամերային նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, 14 համերգներով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ դեռ չվերադարձած՝ հրավեր ստացանք տեղի մշակույթի նախարարությունից՝ կրկին համերգներով մեկնել Իրան։ Վահան Մարտիրոսյանն այսօր ապրում եւ ստեղծագործում է նաեւ Ֆրանսիայոււմ, ինչում մեծ ներդրում ունի հենց Ճգնավորյանը։ Դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, երբ պաշտոնապես կնշվի Կամերայինի 50-ամյա հոբելյանը, արտերկրից հրավիրված կլինեն անվանի դիրիժորներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ մաեստրոն։

– Ինչո՞ւ չի գործում ձեր կոլեկտիվի պաշտոնական կայքը։

Նորայր Նազարյան.- Կամերայինը կայք ունեցել է, հիմա փոքր-ինչ դադար է տրված, քանի որ մենք 6 այլ կոլեկտիվների շարքում ընդգրկված ենք Կամերային ազգային կենտրոնի կազմում, հետեւաբար՝ կենտրոնը պետք է ունենա ընդհանուր կայք, ինչի աշխատանքները ընթացքի մեջ են։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930