Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժինը գերազանց ավարտած, ճարտարագիտության բակալավրի աստիճան ստացած Իշխան Գեււորգյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ 2010թ. նոյեմբերի 9-ին:
Ըստ մեղադրանքն առաջադրող ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության 1-ին բաժնի, նա օժանդակել է Սամվել Թազիյանին, մի շարք քաղաքացիների անձնագրերի պատճեններ եւ «ակնհայտ կեղծ» հսկիչ-դրամարկղային կտրոններ օգտագործելու միջոցով հափշտակելու խոշոր չափերի հասնող գումար: Հետագայում հոդվածը փոխվել էր, եւ Իշխանին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու եւ առեւտրային կաշառք տալու համար: Իսկ Սամվելը, նրա կինը եւ նրա հետ գործով անցնող մի քանի անձ դեռ հայտնաբերված չեն:
Քրեական գործի նյութերի համաձայն, Իշխանը 2010թ. մայիսից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ ընկերության մի քանի բաժանմունքներում հանձնել է ՀԴՄ կտրոնների կեղծ խմբաքանակներ, փոստային բաժանմունքների մի քանի աշխատակիցների տվել, համապատասխանաբար, 1 000 000 եւ 300 000 ՀՀ դրամ առեւտրային կաշառք՝ իր օգտին գործողություններ կատարելու համար: Դրանով իսկ, մեղադրանքն առաջադրող մարմնի համաձայն, խախտել է ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀԴՄ կտրոնների խմբաքանակների ընդունման կարգը, բոնուսային գումարներ հաշվարկելու-վճարելու նպատակով:
Կարդացեք նաև
Իշխանի դատավարությունն 2 տարի ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Գործը բաղկացած է 27 հատորից:
Երեք օր առաջ մեղադրող Լեռնիկ Հովհաննիսյանը պահանջեց նրա համար 8 տարվա ազատազրկում:
Իշխանի հիվանդության պատմագրի համաձայն, որը տվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնը, նա 2010թ. սեպտեմբերի 9-ին ընդունվել էր ուրոլոգիական կլինիկա՝ գանգատվելով ձախ ամորձու շրջանի ցավերից, ծանրության զգացումից:
Սեպտեմբերի 27-ին կատարվել էր տեղային անզգայացման ներքո «Վենոտեստիկուլգրաֆիա, ձախ սերմնալարի երակների սկլերոթերապիա»:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի անցյալ տարվա փետրվարի 22-ի պաշտոնական գրության. «Նրան անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն՝ փոշտի օրգանների դուպլեքս-սոնոգրաֆիա հետազոտություն»: Մինչ օրս Իշխանի կրկնակի վիրահատության հարցը չի լուծված, եւ նրան սպառնում է առողջության հետ կապված անդառնալի հետեւանքներ:
Իշխանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, հանդես եկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդությամբ, որպեսզի գրավով փոխվի երիտասարդի խափանման միջոցը՝ առողջական խնդիրների հետ կապված, սակայն այն մերժվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունն ի պատասխան փաստաբանի առաջ քաշած հարցադրումների՝ պատասխանել է. «Մեղադրյալի առողջական վիճակի հետ կապված Ձեր դիմումում նշված հարցի վերաբերյալ, Ձեզ արդեն իսկ պարզաբանվել է, որ ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում Իշխան Գեւորգյանին բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում, այն կարող է տրամադրվել օրենքով սահմանված կարգով»:
Իշխանի հայրը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ հարկային մարմնում նրան բռնության են ենթարկել: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել էր նաեւ փաստաբանը: Փաստաբանը տեղեկացրել էր, որ 2010թ. նոյեմբերի 5-ին իր պաշտպանյալի բնակության վայր են եկել ՊԵԿ քննչական բաժնի օպերատիվ աշխատակիցներ, եւ նրանց պահանջով հայրն ու որդին հրավիրվել են ՊԵԿ՝ իրենց ասելով կեղծ կտրոններով փոստային բաժանմունքներից իր եւ ուրիշի անձագրերի պատճեններով խոշոր գումարներ ստանալու համար. «Մինչ նրա ցուցմունք տալը նրա նկատմամբ կիրառվել է բռնություն, այն է՝ հարվածել են դեմքին, վնասելով շրթունքը, որի հարվածի ուժգնությունից Իշխանը գլուխը խփել է պատին, ուշագնաց լինելով ընկել է գետնին: Նա իր ցուցմունքները տվել է բռնությունից րոպեներ հետո, ունենալով վախի եւ ցավի զգացում»: Ի դեպ, Իշխանն ասել էր, որ «կեղծ» կտրոնները գնել է Սամվելից (փորձաքննությամբ 15 կտրոններից 10-ը տպված էին նույն ապարատով): Ըստ Իշխանի հոր, կտրոնները տպվել են ՊԵԿ-ի կողմից ստացված հատուկ գլանափաթեթի վրա, որոնք համապատասխան կազմակերպությունները ստանում են կոդերով. դա ֆիքսվում է ՊԵԿ-ում եւ հնարավոր չէ, որ նույն կտրոնը լինի 2 հատ կամ՝ տարբեր կազմակերպությունների մոտ: Այլ հարց է, թե արդյո՞ք գլանափաթեթը դուրս է բերվել կազմակերպությունից:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի ժ/պաշտոնակատար Ջ. Ֆարխոյանը պաշտոնական պատասխանել էր. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե նախաքննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բռնություն, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, իրականացվում է ծառայողական քննություն, որն ընթացքի մեջ է»: Ծառայողական քննությունն էլ մինչ օրս հայտնի չէ՝ ընթանո՞ւմ է, թե՞ ոչ, համենայնդեպս, գործի նյութերում նման տեղեկատվություն հայտնի չէ:
Դատավարության փուլում սրտի ինֆարկտից մահացել է «առեւտրային կաշառք» ստացող կանանցից մեկը, մյուսի վիճակն էլ՝ դարձյալ սրտի հետ կապված, լավ չէ:
ՀԴՄ կտրոնների գործը սկսվեց 167 մլն դրամ գումարի հափշտակման պատմությամբ: Հայտնի չէ, թե ի վերջո ինչ գումարների ծավալի մասին է խոսքը, եւ որն է հաստատված:
Իշխան Գեւորգյանի պաշտպանը բացարկ է հայտնել նախ դատավորին, ապա՝ դատախազին:
Սեպտեմբերի 29-ին նշանակվել է հերթական դատական նիստը, պաշտպանական ճառերի օրն է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ