Լրահոս
Օրվա լրահոսը

Օդային տարածքի հաշվին ավելի շատ բերք են ստանում

Սեպտեմբեր 27,2012 14:00

Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչ Տարոն Թեմուրյանը «Եկամտաբեր ծրագրեր՝ գյուղատնտեսական համայնքներում» ծրագրի 50 շահառուներից մեկն է: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից՝ «Սեյվ դը չիլդրեն» եւ «Հյուման դիջնիթի ընդ փիս» կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Տ. Թեմուրյանն արդեն երկրորդ տարին է՝ 150 մետր հողակտորն օգտագործում է նոր մեթոդներով եւ ծրագրի գյուղատնտեսների խորհրդատվությամբ: Համայնք այցելած լրագրողներին նա վստահեցրեց, որ տարբերությունն ակնհայտ է. իրենք նախկինում մշակաբույսերը հողի վրա փռված էին թողնում, իսկ հիմա հատուկ սյուների միջոցով բույսերը բարձրացնում են եւ օդային տարածքն օգտագործում. «Ահա, սա ես թողել եմ՝ հողի վրա փռվել է, տեսեք՝ ինչքան շատ տարածք է զբաղեցրել, իսկ եթե ուղղահայաց լիներ, ավելի շատ բերք կստանայի: Մեզ հետ թրեյնինգներ անցկացրին, մենք էլ հասկացանք, որ օդային տարածքի հաշվին կարող ենք կրկնակի, եռակի բերք ստանալ, նախկինում էլ գիտեինք, բայց մեր օգտագործած փայտերը քամին կոտրատում էր»: Նա պատմեց նաեւ, որ սկզբում ամեն ինչից մեկ-մեկ մարգով են ցանել, որպեսզի հասկանան՝ հատկապես ինչն է շահավետ:

Ծրագրի պատասխանատու Ֆիլիպ Հովհաննիսյանի խոսքերով՝ սկզբում կային դժվարություններ գյուղացիների վստահության հետ կապված: Նա պատմեց, որ իրենք 4 համայնքում են աշխատում՝ 50 ընտանիքի հետ: Այդ ընտանիքները փախստական կամ նախկին փախստականներ են, եկել են Բաքվից ու այլ քաղաքներից, ընկել գյուղական վայրեր. «Ճիշտ է, դա տարիներ առաջ էր, բայց նրանք մինչեւ վերջերս փորձում էին անել այն, ինչ հարեւաններն են անում: Մենք մատակարարում ենք ամեն ինչ՝ սերմ, պարարտանյութ, սյուներ: Բոլոր գյուղերում ընտրել ենք մեկ գյուղատնտես, որը գյուղացիներին խորհրդատվություն է իրականացնում»: Ֆ. Հովհաննիսյանն ասաց, որ ֆինանսավորումը մեծ չէ՝ 200 000 եվրո, որից 75 տոկոսը տրամադրում է Եվրոպայի խորհուրդը, իսկ մնացած 50 000 եվրոն իրենց ներդրումն է: Շահառուներից էլ ոչինչ չի ակնկալվում, միայն երկու տարվա ընթացքում 10 հազար դրամ ներդրում:

Հայանիստի գյուղատնտես Արթուր Դանիելյանն էլ ասաց, որ իրենց դիմում են բույսերի հիվանդություններից, վնասատուներից պաշտպանվելու եւ այլ հարցերով: «Հյուման դիջնիթի ընդ փիս»-ի գյուղատնտես Տիգրան Սողոյանն էլ ավելացրեց, որ իրենց նպատակն է գյուղացուն ինչ-որ բան թողնել, որպեսզի նա ծրագրի ավարտից հետո կարողանա լրիվ ինքնուրույն նույն արդյունքը ստանալ. «Մենք մի քանի մշակաբույս ենք ընտրել՝ փորձնական, բրոկոլին, որն այս տարածքում նախկինում չկար, ինչը հրաշալի արդյունքներ ունեցավ, նույնիսկ Սիս համայնքում հաջորդ տարվա ընթացքում այս մշակաբույսի հետ կապված ավելի խորը գիտելիքներ են ուզում, որովհետեւ բավականին ձեռնտու էր: Կարեւոր է նաեւ այն, որ գենետիկորեն չձեւափոխված, տեղական սերմեր ենք ընտրում: Ճիշտ է, սկզբում գյուղացիները չէին պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, եւ խուսափում էին ծրագրում ընդգրկվելուց, բայց հիմա իրենք են շահագրգռված»:

Գյուղացիների ներկայացմամբ՝ միակ խնդիրն այն է, որ հողակտորները փոքր են, նրանց խոսքերով, օրինակ՝ 150 մետրի փոխարեն եթե 300 մետր լիներ, շահույթն ակնառու կլիներ. «Պետք է ուղղակի քառակուսին ավելացնել, սակայն դա ավելի ծախսատար ու ժամանակատար է»: Ֆ. Հովհաննիսյանն ասաց, որ իրենք մյուս տարի պետք է գյուղացիներին օգնեն նաեւ մարկետինգի հարցերով: Նա կարծում է, որ, օրինակ, միրգը՝ չրի տեսքով, կարելի է ավելի թանկ վաճառել:

ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930