Ասում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարը:
Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, քաշքշուկներին, թղթատարությանն ու գոյացող հերթերին վերջ դնելու նպատակով այս տարվա հունվարից կադաստրի համակարգում մի շարք բարեփոխումներ կատարվեցին: Մասնավորապես՝ սկսեցին կիրառել մեկ պատուհանի սկզբունքը, պատերին փակցրեցին պետական մուծումների համար նախատեսված գնացուցակները, նաեւ այն փաստաթղթերի ցանկը, որոնք քաղաքացիները պետք է ներկայացնեն պետական գրանցող լիազոր մարմնին: Բոլոր մարզերում ստեղծվեցին կադաստրի գրանցող մարմիններ, որոնց աշխատակիցներին խստիվ արգելված է շփվել քաղաքացիների հետ, տեղադրվեց նաեւ բողոքների արկղ, գրասենյակներում էլ՝ նկարահանող տեսախցիկներ: Սկսեց գործել նաեւ թեժ գիծը: Որքանո՞վ են այս բարեփոխումները հեշտացնում կադաստրում տարիներ շարունակ ծանոթ-բարեկամ փնտրող քաղաքացիների գործն, ու արդյոք պետական այս կառույցի միջանցքներում ժամերով հերթ կանգնելու սովորույթին վերջ դրվե՞լ է:
Այս հարցերի շուրջ «Առավոտ»-ին պարզաբանումներ ներկայացրեց կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանը: Ի դեպ, նշենք, որ բարեփոխումները սկսվելուն պես՝ հերթերի նոր ալիք էր գոյացել Գյումրիում, որն էլ հարուցել էր բնակիչների զայրույթը: Արայիկ Առաքելյանը վստահեցնում է, որ այժմ ոչ մի հերթ չկա, իսկ հունվար ամսին ստեղծված այդ վիճակը պայմանավորված է եղել տարեսկզբյան դիմումների չափազանց մեծ քանակով: Ըստ պաշտոնյայի՝ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հերթերի պատճառն ուսումնասիրվել է, ինչի արդյունքում ավելացվել է Գյումրու գրասենյակի աշխատակիցների թիվը. նախկին 3-ի փոխարեն դարձել են 7-ը: «Ախուրյանի տարածաշրջանի քաղաքացին Գյումրու գրասենյակում կարող է դիմում ներկայացնել, այդ պատճառով դիմումների թիվը կարող է ավելանալ: Մենք գիտենք, որ հիմնականում գյուղերից եկող-գնացող ժողովրդի տրանսպորտի ժամեր կան, այդ ժամերին կարող է մի փոքր լարվածություն ստեղծվել, բայց այսօր մեկ դիմում ընդունել-մուտքագրելը 3-5 րոպե է տեւում՝ ոչ ավելի, նրանց 3 րոպեում կարելի է ճանապարհել»,- ասում է կադաստրի պետը: Մեր այն հարցին էլ, թե ծանոթ-բարեկամ մեջ գցելու անհրաժեշտություն այլեւս չկա՞, Արայիկ Առաքելյանը նշեց, որ իրենք աշխատում են օրենքով, ու քաղաքացիներին խորհուրդ է տալիս իր կառույց ներկայանալ առանց միջնորդների, քանի որ նրանք հարցերը կարգավորելու փոխարեն գործին խանգարում են: Նա նաեւ հորդորեց վերջ դնել այս հին մտածելակերպին ու մտավախությանը, թե կադաստրում առանց ծանոթի գործերը չեն կարգավորվի: Պաշտոնյայի խոսքերով՝ որոշ փաստաբաններ սկսել են անտեղի փողեր աշխատել բնակիչներից՝ նրանց կադաստրային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով. «Ես ուզում եմ հայտարարել, որ ավելի լավ կլինի քաղաքացիներն իրենք իրենցով դիմեն մեզ, բոլոր գրասենյակներում փակցված են եւ դիմումների ձեւը, պետական գրանցման կամ տեղեկատվության համար ներկայացվող բոլոր փաստաթղթերի ցանկը, վճարները, սկսած նրանից՝ անձնագի՞ր պետք է ներկայացնեն, թե՞ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Բոլոր գրասենյակների պետերը կոմիտեի նախագահի հրամանով նաեւ խորհրդատուներ են, այնպես որ՝ կխնդրեի մեր քաղաքացիներին հեռու մնալ փաստաբաններից, այսօր նման միջնորդների թիվը ավելացել է, բայց վստահեցնում եմ՝ նրանց կարիքը չկա, չգիտենք էլ՝ այդ փաստաբանական ծառայությունները գրանցվա՞ծ են հարկային տեսչությունում, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Առաքելյանի՝ բողոքներ ունենալու դեպքում քաղաքացին կարող է զանգել թեժ գիծ կամ օգտվել բողոքների արկղից: Ի դեպ, բողոք-դիմումների արկղը բացվում է կոմիտեի ղեկավար մարմինների կողմից, այսինքն՝ քննվում է Երեւանում: Կա՞ն արդյոք բողոքներ՝ ուղղված Շիրակի մարզի աշխատակիցների դեմ, մեր հարցին Արայիկ Առաքելյանը պատասխանեց, որ իրենց այդ մասին տեղյակ չեն պահում. կոմիտեում կա հատուկ վարչություն, որի աշխատակիցները գալիս, բացում են արկղերը, ուսումնասիրում բողոքի թեման, ու անհրաժեշտության դեպքում հատուկ արձանագրություն են կազմում. «Բնական է, եթե գրասենյակի աշխատակիցը քաղաքացուն չի պատասխանում կամ սխալ փաստաթուղթ է պահանջում, կամ չպահանջվող փաստաթուղթ է պահանջում, բնականաբար՝ կոմիտեի կողմից կձեռնարկվեն միջոցներ: Ասեմ, որ հենց երեկ ստացել ենք հրաման՝ այլ մարզի գրասենյակի աշխատակցին նկատողություն տալու վերաբերյալ: Նա քաղաքացուն վկայականը չի տրամադրել կամ ուշ է տրամադրել: Հետազոտվել է ու պարզվել, որ քաղաքացուն էս գրասենյակից ուղարկել են էն գրասենյակ, մի տարածքից մյուսը»: Իսկ թե մեծ հաշվով ինչ շահեց շիրակցին այս փոփոխություններից, ըստ պարոն Առաքելյանի՝ թեեւ պետական գրանցման վճարը 25 հազար դրամ է սահմանված, սակայն Լոռու եւ Շիրակի մարզերում նվիրատրվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գրանցումը կազմում է 2 հազար դրամ, այսինքն՝ տուրք չեն վճարում. «Բազմաթիվ գործառույթներ կան, որոնք Շիրակի մարզում կիրառվում են հօգուտ քաղաքացիների: Մենք ունենք Շիրակի մարզից շատ քաղաքացիներ, որոնք ունենալով մարզից դուրս անշարժ գույք, ասենք՝ Երեւանում, հենց Գյումրի քաղաքում դիմում են ներկայացրել, ստացել են տեղեկատվություն, պայմանագիր են կնքել, եւ նորից իրավունքի գրանցում է կատարվել՝ առանց մարզից դուրս գնալու, բացակայելու, նույն ձեւով նաեւ կատարվել են այլ մարզերից, Երեւան քաղաքից: Մենք ամեն օր դիմումներ ենք ունենում: Մեր մարզի սեփականատերերը Երեւան քաղաքի կադաստրի ցանկացած գրասենյակ դիմում են ներկայացնում եւ ստանում են բնօրինակ փաստաթղթերը եւ տեղեկատվություն ու պետական գրանցում են կատարում: Այս ամբողջը կատարվում է ամբողջ հանրապետության մասշտաբով, եւ ոչ մի քաշքշուկ չկա»:
Պաշտոնյան նաեւ շեշտում է, որ այսօր մարդկային գործոնը քիչ դերակատարություն ունի կադաստրային գործերում, քանի որ իրենք հիմնականում աշխատում են համակարգչային ծրագրերով: Ու որպես օրինակ նա մեջբերում է նախկին գնահատման բաժնի աշխատանքը, երբ աշխատակիցները այս կամ այն շենքը կամ օբյեկտը գնահատում էին աչքի չափով ու սրտի ուզածով: «Մենք նախկինում բազմաթիվ դեպքեր գիտեինք, որ 5 հարկանի շենքի 3-րդ եւ 5-րդ հարկերի 1 սենյականոց բնակարանների կադաստրային արժեքը տարբեր է եղել, 2-րդ հարկի բնակարանը 2 միլիոն է եղել, շենքի 5-րդ հարկի նույն 1 սենյականոցը՝ 4 միլիոն: Այնպես որ՝ եթե նախկինում գնահատման բաժնի աշխատողները հաշվիչով էին հաշվարկ կատարում, ապա այսօր համակարգչային ծրագրով է, համակարգիչ են մուտքագրվում բնակարանի, տան կամ հասարակական շենքի տվյալները, համակարգիչն էլ գնահատումը կատարում է, այսինքն՝ աշխատողից շատ բան կախված չէ»,- վստահեցնում է Արայիկ Առաքելյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ