Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջին նախագահը ձեռքը խփեր սեղանին

Սեպտեմբեր 27,2012 13:53

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Խորհուրդ տալը դյուրին գործ է»

– Կառավարության նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած դիտողությունները ընդդիմադիրների կողմից հիմնականում նախընտրական PR որակվեց, կարծիքներ հնչեցին, որ գլուխը հենց նախագահն է, իրենից պետք է սկսել: Առաջին նախագահն անգամ սեպտեմբերի 21-ի իր ելույթում ասաց, որ Սերժ Սարգսյանը պետք է ձեռքը սեղանին խփեր եւ ասեր՝ էլ չենք գողանում: Ձեզ վրա ի՞նչ տպավորություն են թողել նախագահի դիտարկումները, ի՞նչ կհակադարձեք քաղաքական օպոնենտներին:

– Գիտեք, երբ մարդիկ չեն ցանկանում տեսնել լավը, ապա հակառակում նրանց համոզելը դժվար է: Մարդկանց մի մասը կարող է ասել, որ դա PR ակցիա էր, մյուսները այլ որակումներ կարող են տալ: Սակայն մի բան ակնհայտ է. իսկապես, մեզանում կան որոշակի արատավոր երեւույթներ, կան կոնկրետ խնդիրներ, որոնց մասին նախագահը բարձրաձայնեց: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը անկեղծ էր:

Միշտ խորհուրդ տալը դյուրին գործ է: Սակայն կարծում եմ, որ այդ խորհուրդ տվողները եթե ժամանակին իրենք ձեռքը սեղանին խփեին, ապա մեր հասարակությունում, քաղաքական համակարգում եւ պետական կառավարման ոլորտում շատ բացասական երեւույթների այսօր չէինք հանդիպի:

– Անկախ ԲՀԿ խոսնակի պաշտոնական մեկնաբանություններից՝ ինչո՞վ կբացատրեք Գագիկ Ծառուկյանի ներկա չգտնվելը Անկախության 21-ամյակի ընդունելությանը: Ո՞ւմ եւ ի՞նչ էր դրանով ուզում ասել ԲՀԿ առաջնորդը:

– Ճիշտ կլիներ, որ մեր պետական տոներին ու հատկապես Անկախության օրվա տոնակատարություններին ներկա գտնվեն հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ներկա ու նախկին գործիչները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից ու անձնական շահերից: Դրանով մենք բոլորին ի ցույց կդնենք, որ մեր պետականության շուրջ մենք միասնական ենք եւ համախմբված, եւ դուք՝ լրագրողներդ, նման հարց տալու առիթ չեք ունենա: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահի՝ Անկախության 21-ամյակի ընդունելությանը չմասնակցելուն, ապա պետք է ասեմ, որ չեմ կարող մեկնաբանել այդ քայլը: Կա ԲՀԿ-ի պաշտոնական բացատրությունը, եւ բոլորս, կարծում եմ, պետք է ընդունենք այն:

– Ամփոփեք, խնդրում եմ, ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքները. ՕԵԿ-ին գոհացնո՞ւմ է իր ունեցածը:

– Ընդհանուր առմամբ վերջին ընտրությունները անցկացվեցին որոշակի մրցակցային պայմանների ապահովմամբ: Կային ինչ-ինչ թերություններ, որոնք մեծամասամբ տեխնիկական բնույթի էին: Կարծում եմ՝ այդ բացթողումները հաշվի կառնվեն հետագայում՝ դրանց կրկնությունը բացառելու համար: Իսկ ինչ վերաբերում է մեր արդյունքներին, նշեմ, որ ցանկացած ընտրության մասնակցություն մեզ համար ինքնանպատակ չէ, ուստի մենք մասնակցել ենք կոնկրետ վայրերում: Մենք այս անգամ հաջողություններ գրանցեցինք նաեւ Արագածոտնի, Տավուշի եւ այլ մարզերում: Քաղաքներում մենք հաջողություն գրանցեցինք ավագանիների մակարդակով, իսկ մեկ տասնյակից ավելի գյուղերում հաղթեցին մեր պաշտպանած թեկնածուները: Կարծում եմ՝ միշտ պետք է աշխատենք ձեռք բերածը ավելացնելու ուղղությամբ: Այս տեսանկյունից, իհարկե, հաջողությունները չեն բավարարում, սակայն մասամբ գոհացնում են:

– Խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից հետո Դուք հայտարարեցիք, որ էական դեր խաղաց փողը՝ չհստակեցնելով, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժն է դա օգտագործում իր զինանոցում: Քանի որ հիմնական մրցակիցները ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն էին, ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ է, ստացվում է՝ Ձեր մեղադրանքները ԲՀԿ-ի՞ն են ուղղված:

– Կան բաներ, որոնք այնքան ակնհայտ են, որ դրանց մասին խոսելն արդեն ավելորդ է: Ես ցավով եմ նշում, որ մեր շատ քաղաքացիներ ընտրություն կատարեցին՝ ելնելով ոչ թե գաղափարական համոզմունքից, այլ ինչ-ինչ խիստ կարճաժամկետ նյութական շահերից: Այս բոլոր հարցերի կապակցությամբ մենք հանդես ենք եկել պաշտոնական հայտարարությամբ եւ արտահայտել մեր դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ հավելեմ, որ ՏԻՄ ընտրությունները ավելի շատ անձնավորված են, եւ անձինք, որոնք մասնակցում են այդ ընտրություններին, գործում են որոշակիորեն ինքնուրույն եւ քաղաքացիներին շահագրգռելու համար օգտագործում են որոշակի նյութական եւ ֆինանսական ռեսուրսներ՝ մոռանալով, որ իրենց ինքնագործունեությունը կարող է դիտարկվել որպես այն կուսակցության վարքագիծը, որին տվյալ անձը ներկայացնում է:

– Եվրոպացի դիտորդները եւս արձանագրեցին, որ կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում պասիվ են: Ո՞րն է, ըստ Ձեզ, կուսակցությունների պասիվության պատճառը, մասնավորաբար՝ ընդդիմության:

– Այդ պասիվությունը դրսեւորվել է ոչ միայն կուսակցությունների, այլեւ քաղաքացիների շրջանում: Կուսակցությունների մասով պետք է նշեմ, որ այսօր մենք գործ ունենք, այսպես կոչված, «մայրաքաղաքային կուսակցությունների» հետ, որոնք ներկայացված չեն մարզերում եւ փորձում են որոշակի ակտիվություն դրսեւորել հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ: Որպես կանոն, նման կուսակցությունների եւ հասարակության միջեւ կապը խզված է, որը եւ մարզերում այդ կուսակցությունների նկատմամբ վստահության դեֆիցիտ է առաջացնում:

– Ամփոփելով ԱԺ առաջին քառօրյան՝ ասել էիք, որ ԱԺ խմբակցությունները բավականին հետաքրքիր են դարձրել ԱԺ-ի աշխատանքները՝ օրենսդրական գործունեության առումով: Խորհրդարանական հատկապես ո՞ր խմբակցությունն է իր կարճաժամկետ գործունեության ընթացքում նման տպավորություն թողել Ձեզ վրա՝ նկատի ունենալով այն, որ միակ նորեկը խորհրդարանում ՀԱԿ-ն է: Մյուս խմբակցությունների հետ առիթ ունեցել եք աշխատելու եւ կարծիք կազմելու:

– Խնդիրն այն է, որ ներկայիս խորհրդարանում բոլոր գումարման Ազգային ժողովներից ներկայացուցիչներ կան՝ նախկին վարչապետներ, ԱԺ խոսնակներ, նախկին նախարարներ եւ պատգամավորներ, որոնք բավականին մեծ փորձ ունեն: Այս տեսանկյունից չի կարելի չնկատել նրանց դերակատարումը խորհրդարանի աշխատանքներում: Մյուս կողմից՝ ցանկացած նոր ուժի եւ հատկապես ընդդիմադիր ուժի մուտքը խորհրդարան ես ողջունելի եմ համարում, եւ, բնականաբար, այն իր ազդեցությունը կունենա խորհրդարանի արդյունավետ աշխատանքի եւ բազմակարծության ապահովման վրա:

– ՕԵԿ վերակազմավորման գործընթացում ի՞նչ արդյունքներ գրանցեցիք:

– Պետք է նշեմ, որ մեզանում քաղաքական գործընթացները որոշակի ստատիկ բնույթ են կրում, կաղապարված եւ կարծրատիպային են: Երբ այս կաղապարներից եւ կարծրատիպերից դուրս որեւէ որոշում է կայացվում եւ գործընթաց է տեղի ունենում, ապա այն անմիջապես ենթարկվում է սուր քննարկումների: Այո, իրականում վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք պետք է մեզ հնարավորինս ապահովագրենք պատեհապաշտներից: Իսկ դա անելու համար անհրաժեշտ էին ներկուսակցական բարեփոխումներ, որին եւ մենք ձեռնամուխ եղանք: «Օրինաց երկիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը համարձակություն ունեցավ գնալու այդ քայլին, վերակազմավորելու կուսակցական կառույցները եւ հաստատելու անդամագրման նոր կարգ: Սա քաղաքական եւ հատկապես կուսակցական համակարգում նոր մշակույթ էր:

Կուսակցության կառույցների վերակազմավորման գործընթացը ամբողջ հանրապետությունում ավարտված է, եւ կարծում եմ՝ այս բարեփոխումները առաջիկա ընտրություններում մեզ հնարավորինս զերծ կպահեն անցանկալի շատ երեւույթներից:

Կարծում եմ, որ մեր կողմից ձեւավորված նոր քաղաքական մշակույթը մյուս քաղաքական ուժերի համար կարող է օրինակ ծառայել իրենց շարքերը մաքրելու եւ գաղափարակիր մարդկանցով համալրելու համար: Պետք է փակել դռները այն մարդկանց առջեւ, որոնք մշտապես մի քանի կուսակցության դուռ են թակում: Նման ճանապարհով մենք կուժեղացնենք ինչպես կուսակցությունները, այնպես էլ մեր երկրի կուսակցական համակարգը ընդհանրապես:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930