Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատվենք «մարտի 1-ի» խարանից

Սեպտեմբեր 27,2012 13:50

ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել «մարտի 1-ի» դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ արտառոց հրեշ էլ չէ՝ շարքային հայկական (հետխորհրդային) դատախազ՝ կոռուպցիայի եւ սադիզմի «սովորական» չափաբաժնով: Տա Աստված, գա այն ժամանակը, երբ կքննվեն նախկին զինդատախազի ենթադրյալ հանցագործությունները՝ դա կլինի այն ժամանակ, երբ նրա հետ աշխատած դատախազներն ու քննիչները այլեւս չեն զբաղեցնի իրենց պաշտոնները: Բայց դա պակաս արդիական խնդիր է, քան «մարտի 1-ի» սպանդի քննությունը:

Գրեթե ամեն օր (օրինակ՝ երկու օր առաջ Մադրիդում) տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանության միջեւ, եւ վերջիններս ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, հաճախ լինում են նաեւ վիրավորներ: Բայց այդ ընդհարումների ժամանակ, որպես  օրենք, ոչ ոք չի մահանում: Պատճառը պարզ է. ոստիկաններին հրաման չի տրվում կրակել մարդկանց վրա մարտական փամփուշտներով եւ «Չերյոմուխա» տիպի զենքով: «Մարտի 1-ի» դեպքում ո՞վ է նման որոշում ընդունել՝ այդ հարցի պատասխանը չեն տվել ոչ հետաքննության մարմինը, ոչ էլ Նիկոյանի հանձնաժողովը:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործով պետք է զբաղվի քաղաքական մարմինը՝  Ազգային ժողովը: Որովհետեւ «մարտի 1» ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ ոչ միայն 10 հոգու սպանությունը, այլեւ այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ եւ դրանից հետո: Օրինակ՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը համալսարանի ուսանողների առաջ, երբ նա ասում էր, որ ցույցերի կազմակերպիչները եթե այդպես շարունակեն, պետք է նստեն: Որքան հասկանում եմ, երկրի ղեկավարը չպիտի որոշի կամ նախօրոք հայտարարի, թե ով պիտի ազատազրկվի՝ դա արվում է միայն դատարանի վճռով: Ճիշտ այդպես նա չպիտի իր մոտ հավաքի Սահմանադրական դատարանի անդամներին եւ հրահանգի, թե ինչպիսի որոշում նրանք պետք է ընդունեն: Դրանով է տարբերվում բռնապետությունը օրինական երկրից: Հավանաբար, խորհրդարանական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաեւ այն փաստին, որ մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների գրաքննություն էր գործում՝ ԶԼՄ-ները պարտադրված էին հայտնել միայն պաշտոնական տեսակետ, իսկ դա նշանակում էր բոլոր նորմալ լրատվամիջոցների փակում: Իհարկե, օբյեկտիվ քննությունը պետք է հաշվի առնի նաեւ մարտի 1-ից առաջ որոշ ընդդիմադիրների սադրիչ հայտարարությունները:

Բոլոր դեպքերում «մարտի 1-ը» խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլեւ պետության եւ ժողովրդի վրա: Որքան շուտ մենք ազատվենք այդ խարանից, այնքան լավ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930