«Հինգ տարի պայքարել ենք ատկատների դեմ, որոշակի խնդիրների լուծման կարողացել ենք հասնել, բայց խնդիրը գլոբալ չի լուծվել: Այդ իմաստով նախագահի քննադատությունը սպասված էր, նույնիսկ՝ ուշացած»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա գործընկեր Անահիտ Բախշյանն էլ վրա բերեց. «Մեկ ա, չի էլ լուծվելու, սա համակարգային հարց է»:
Կուսակցության վարչության անդամները ներկայացրեցին «Սզնի» ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանի բիզնես- պատմությունը: Վերջինս փոքր դեղատուն ունի, իր գործունեության 15 տարիների ընթացքում ոչ մի հարկային խախտում չի գրանցվել եւ, հավատալով ՀՀ օրենքներին՝ փորձել է իր՝ Հայաստան ներկրած փոքրաքանակ դեղամիջոցները հնարավորինս մատչելի կերպով իրացնել օրենքով սահմանված մրցույթներում: Արդյունքում գործարարը դարձել է ատկատների զոհ:
Այս առիթով Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց դեռ 5-6 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Արյունաբանական ինստիտուտի համար դեղորայքի գնման մրցույթը, որի ընթացքում 8 անգամ ավելի թանկ գնով է ձեռք բերվել անհրաժեշտ դեղորայքը, չնայած նրան, որ Սահակյանն առավել մատչելի առաջարկ է ներկայացրել: Այդ դեպքի առիթով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները այն ժամանակ դեռ աղմուկ էին բարձրացրել խորհրդարանում, դատախազությունը զբաղվել էր տվյալ դեպքով, համապատասխան պատասխանատվություն էին կրել մեղավորները: Սակայն «Ժառանգության» պատգամավորների՝ Գնումների գործակալությանը եւ Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցումները՝ 20 բուժհաստատությունների դեղորայքի ձեռքբերման համար մրցույթների կազմակերպման եւ անցկացման մասին, այդպես էլ անպատասխան են մնացել:
Կարդացեք նաև
Նկատենք, որ իրադարձությունները տեղի են ունեցել 2009 թվականին, իսկ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետն էր Գագիկ Բեգլարյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Քանի դեռ մեր երկրում ազգային հարստության արդար բաշխում չկա, անկախ մեր հարստության չափից, նման ենք լինելու մի ընտանիքի, որտեղ բոլորը միայն գողանում են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ