«Կարծում եմ՝ հատուկ կոշտությամբ Վրաստանի քրեական քաղաքականությունը չի առանձնանում: Այո, որոշակի բնույթի հանցագործությունների առումով կա հստակ ընդգծված քրեականացման քաղաքականություն` պատժի խստության առումով»,- «Առավոտի» այն դիտարկմանը, թե Վրաստանում Քրեական օրենսգիրքն ավելի կոշտ է, եւ մեր քաղաքացիների նկատմամբ կայացված դատական ակտերն էլ վիճահարույց, պատասխանեց Վրաստանում Հայաստանի դեսպան, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը:
Ըստ դեսպանի, Վրաստանի նոր օրենսդրության կոռուպցիայի դեմ պայքարում մանր և խոշոր իրավախախտումները հավասար են գնահատվում և այդ կարգի հանցագործություններ կատարողները ենթարկվում են երկարատև ազատազրկման: Արդյունքում վերջին մի քանի տարում ազատազրկվածների թիվը կրկնակի ավելացել է` 8000-ից հասնելով 20000-ի: Կամ պետական սահմանի ապօրինի հատման, կամ չնախատեսված տեղերում անցման հետ կապված հանցակազմերով, որոնցով հաճախ մեր քաղաքացիները հայտնվում են անազատության մեջ: Սակայն սա քրեական քաղաքականության առանձին դրսևորումներ են, որոնք ելնում են տվյալ պահին երկրի առաջնահերթություններից:
Մեր այն հարցին էլ, թե՝ «Որպես Հայաստանի դեսպան՝ ինչպիսի՞ գործողություններ եք ձեռնարկել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի», պարոն դեսպանը պատասխանեց. «Վրաստանի հայ համայնքի, այդ թվում նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները միշտ մեր ուշադրության կենտրոնում են. կլինի դա մշակութային, կրթական, թե՜ որևէ այլ բնագավառ: Սակայն մենք չենք կարող և իրավասու չենք գործողություններ կամ քայլեր իրականացնել այն դեպքերում, երբ խնդիրը, հատկապես քրեաիրավական դաշտի խնդիրը, վերաբերում է Վրաստանի կոնկրետ քաղաքացուն: Տվյալ դեպքում Ձեր հարցադրումը վերաբերում է թեև ազգությամբ հայ, սակայն Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձի իրավունքներին:
Ես՝ որպես դեսպան, իրավասու եմ և պարտավոր եմ տեր կանգնել Հայաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այդ գործը մենք անում ենք ամենայն պատասխանատվությամբ և ավելին անելով, քան մեր ունեցած ռեսուրսները տալիս են նման հնարավորություն: Պատկերացրեք, տարեկան մինչև մեկ միլիոն անգամ ՀՀ քաղաքացիները հատում են հայ-վրացական սահմանը և հայտնվում հարևան երկրում:
Ինչ դեպքերի և պատահարների ասես չենք հանդիպում. ավտոպատահարներ, փաստաթղթերի և գույքի կորուստ, հանցագործության արդյունքում տուժածներ, ճանապարհային անանցանելիության և եղանակային պայմաններից ելնելով ստեղծված բարդություններից տուժածներ: Վերջերս նույնիսկ ստիպված էինք կազմակերպել ՀՀ քաղաքացի լեռնագնացին փրկելու գործողությունների համակարգումը:
Սակայն անկախ որևէ դժվարությունից, մեր կողմից բոլոր դեպքերում ձեռնարկվում և այսուհետ ևս ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և իրավունքները պաշտպանելու համար»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ