Aravot.am-ը հրապարակել էր Epress.am-ի Կասկադում վերնահարկ է կառուցում նախկին վարչապե՞տը. բնակիչները նամակ են ուղղելու Սերժ Սարգսյանին նյութը:
Դրան ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից այսօր հայտնել են. «Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման տարբերակներից առանձնացվել է Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը, քանի որ տարիների ընթացքում այս հատվածի շենքերի վրա անկանոն շինություններ են կառուցվել:
Այսօր աշխատանքներ են ընթանում ձախակողմյան հատվածի շենքի վրա /Թամանյան 3 հասցեում/: Առաջիկայում, միևնույն նախագծային լուծումներով կիրականացվի աջակողմյան շենքի վերնամասը ևս՝ ինչպես ծրագրվել էր` ապահովելով կառուցապատման սիմետրիկությունը: Կասկադի երկու բարձրահարկ աշտարակներով սկսվում է զբոսայգու հարակից կառուցապատումը և ավարտվում երկու փոքր ծավալային շեշտադրումներով:
Կարդացեք նաև
Շենքերի ամբողջ երկայնքով մանսարդների իրականացման ծրագիրը մշակման փուլում է և սահմանված կարգով այն կներկայացվի իրազեկման:
Նախագծով նախատեսվում է նահանջող վերնակառույցի իրականացում՝ երեսապատված նույն քարից: Իսկ զուգահեռ շենքի շինարարությամբ ակնհայտ կդառնա, որ ծավալատարածական համաչափությունները չեն խախտվում և ճարտարապետական առումով շենքերը համահունչ են»: