Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց, որ
2011թ-ի ընթացքում Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել ավելի քան 10324 տոննա գոմեշի մսի բրիկետներ 6 կազմակերպությունների կողմից: Ալեքս Գրիգ` 61.2 տոկոս, Պարգև ՍՊԸ-ն` 17% «Մոկոնատ» ՍՊԸ` 9.5%, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ` 3.5 %, «Արմեն Համիկ եղբայրներ»` 6.5%, «Մուշ» ՍՊԸ`2.3%:
Նրա տեղեկացմամբ, 2012 թ-ի 9 ամիսների ընթացքում ներկրվել են 5284 տոննա 651 կգ գոմեշի մսի բրիկետներ 5 կազմակերպությունների կողմից. Պարգև ՍՊԸ-ն`34.23%, «Արմեն Համիկ եղբայրներ» ` 23.52%, Ալեքս Գրիգ` 18.14%, «Սամսեր» 13.05%,, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ` 11.06 %: «Գոմեշի միս ներմուծում են այն կազմակերպությունները, որոնք ունեն մսի արտադրության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված են միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտդրամաս և սառցարան»,- ասաց նա:
Աբրահամ Բախչագուլյանի խոսքերով, Հայաստան ներմուծվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության գծով ներկայացուցիչը, որն արտահանող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային, անասնաբուժական զննման փաստաթղթեր ու պատրաստի արտադրանքի համապատասխանության ստուգումը և տրամադրում է համապատասխան տեղեկանք. «Երկու տարիների ընթացքում միայն մեկ դեպք է գրանցվել, երբ տեսողական զննության արդյունքում կասկած է հարուցել բեռը և իրակացնելով փորձաքննություն՝ անհամապատասխանություն չեն հայտնաբերել»: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ նշեց, որ այդ ընկերություններում ուսումնասիրությունները շարունակվում են, հարկային պարտավորությունների հետ կապված առաձնին տեղեկանքներ կներկայացվեն, քանի որ դրանք դեռ ուսումնասիրության փուլում են:
Կարդացեք նաև
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել իրեն` կապելով Հնդկաստանից գոմեշի մսի ներմուծումն իր անվան հետ. «Ուզում եմ տեղյակ պահել, որ այս հինգ ընկերությունների հետ որևիցէ առնչություն ես բացարձակապես չունեմ` ոչ ընկերներ, ոչ բարեկամներ: Թաքնված անձինք այս ընկերությունների հետևում ինձ հետ կապված չկան: Այս հինգ ընկերությունները հայտնի անուններ են մեր երկրում:
Նման դեպքերը մենք կպահենք մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի այդ ընկերությունները պատշաճ ձևով իրենց պարտականությունները պետության նկատմամբ կատարեն, մսի նկատմամբ չլինի որակական պրոբլեմ և ստուգենք, որ իրենց պարտավորությունները ամբողջ ծավալով կատարեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ