Այսօր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ համագումարը: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից: Վերջինիս նախագահ Կարեն Ակոպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կլինի տարեկան հաշվետվություն, որով ի մի կբերվի անցյալ տարվա ընթացքում այդ կառույցի կատարած աշխատանքները, կլինեն նաեւ թեմատիկ քննարկումներ, ելույթներ, զեկույցներ:
Ըստ նրա, այս համագումարը իրենց կտա նոր կապերի ստեղծման հնարավորություն, կտեսնեն, թե այն խնդիրները, որոնք ունեն իրենք, ինչպես են լուծում մյուսները, ինչ ուղղիներ կան գիտական մյուս ընկերություններում, եւ ինչ ձեռքբերումներ ունեն նրանք արտասահմանում, որոնք կարելի է կիրառել իրենց ընթացիկ աշխատանքներում:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի ժամանակավոր պաշտոնակար Գարիկ Եգանյանն էլ «Առավոտ»-ին հայտնեց, որ երկու օր առաջ օդանավակայանում խնդիր է առաջացել Օրենբուրգի մասնակցի հետ. «Երեկ պատահական իմացա, որ համացանցում լուրեր են պտտվում, թե մենք մասնակից ենք հրավիրել ու մոռացել ենք դիմավորել: Իրականում այդպես չի եղել. մենք եղել ենք օդանավակայանում եւ սպասել ենք նրա ժամանմանը: Ստացվել է այնպես, որ նա դուրս է եկել օդանավակայանից ու չի նկատել մեզ: Մասնակցի դուրս գալու մասին իմացել ենք նրա ընկերների մեկի զանգից: Դրանից հետո ամբողջ օդանավակայանով մեկ նրան ենք ման եկել: Վերջապես գտել ենք, բերել հանրակացարան ու հիմա ոչ մի խնդիր չկա: Ուղղակի ինձ շատ անհանգստացրեցին անհիմն մեղադրանքները, որոնք ազդում են իմ եւ իմ ղեկավարած կառույցի անվան վրա»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ