Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից դժգոհ մնացին

Սեպտեմբեր 27,2012 12:15

Այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրեց բյուջեի կատարողականը: Զեկուցողի՝ ՄԻՊ տեղակալ, աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանից պատգամավորները դժգոհ մնացին՝ չստացան իրենց հարցերի պատասխանը: Կատարողականը կազմել է 98.5 տոկոս, 12 մլն -ից ավելի գործուղումների վրա են ծախսել, ընդհանուր տրամադրվել է 163 մլն դրամ, արտաբյուջետային միջոցներն էլ կազմել են 63 մլն 63 հազար 800 դրամ: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը խնդրեց մանրամասնել, թե այդ գումարներով ի՞նչ հաջողությունների են հասել: Տիգրան Արեյանը պատասխանեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը զեկույցներ է հրապարակում, զեկույցներում մանրամասն կա:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց դրամաշնորհներից: Ըստ Տիգրան Արեյանի, այցելություններ են կազմակերպվել ազատազրկման վայրեր, Մարդու իրավունքների էքսպո է եղել, ՀՀ մարզերում մարդու իրավունքների պաշտպանության համար մեծ մարզային կառույցների բացման աշխատանքներ են կատարվել:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ «Մենք ամեն օր լսում ենք, որ հանրապետությունում սպանություն, ինքնասպանություններ լինում են, ինձ զարմացրեց ներքին գործուղումների տողը՝ ամսական 220 հազար դրամ է կազմում, ընդհանուր տարեկան՝ 2 մլն: Օրը, փաստորեն, 6-7 հազար դրամ: Ես հիշում եմ՝ դուք խոսում էիք, որ արագ արձագանքում եք միշտ, բայց օրական այդքան տրամադրելով՝ ինչպե՞ս կարելի արագ արձագանքման հարցերը լուծել»:

Բացի այդ, պարոն Մելքումյանին զարմացրել էր նաեւ տեղեկատվության համար տրամադրված գումարը՝ 1.7 մլն. «ՄԻՊ գրասենյակը պետք է ակտիվ ներկայացնի իր գործունեությունը ԶԼՄ-ներով, 1.7 մլն դրամը տարեկան նույնպես շատ փոքր թիվ է, արդյոք բավարարո՞ւմ է, որ տեղեկատվական հարցերը լուծեք»: Կարեն Անդրեասյանի տեղակալը պատասխանեց, որ 116 թեժ գիծն է գործում, նաեւ արագ արձագանքման խմբեր կան, եւ այդ եղանակներով կարողացել են արձագանքել. «Իսկ 2012-ի համար պաշտպանը կարծեմ դիմել է ԱԺ եւ ստացել լրացուցիչ միջոցներ: Մենք այդ միջոցներով աշխատել ենք 2011-ին, գտնում ենք, որ այո, փոքր է: Հիմա դիմումների, բողոքների, նամակագրության աճ կա»:

Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ձեր գործունեության արդյունավետությունը կարո՞ղ եք ասել ինչքանով է իջել, որ նոր բյուջեի քննարկման ժամանակ այդ հարցն էլ քննարկեինք: Տիգրան Արեյանը պատասխանեց, որ Պաշտպանը բյուջեի քննարկման ժամանակ կներկայացնի:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը փորձեց ճշտել՝ «Այդ գումարները տեղեկատվության համար որքանո՞վ է բավարար եղել, որ ոչ թե մարդիկ իրազեկվեն ձեր գրասենյակի գործունեության մասին, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին»: Ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ չի բավարարել:

Էլինար Վարդանյանը նիստի վերջում արձանագրեց. «Ես մի քիչ այլ պատկեր ստացա կատարողականից, կարծես կամ բյուջեի թվերն էինք ուսումնասիրում, կամ այլ»:

Aravot.am-ը Միքայել Մելքումյանին հարցրեց՝ կարծում եք՝ ՄԻՊ գրասենյակը 2011-ին լավ չի՞ աշխատել, որ դժգոհ մնացիք, թե՞ զեկուցողը չկարողացավ ճոխ ներկայացնել կատարված աշխատանքը: Նա պատասխանեց. «Չէ, ուղղակի ճիշտ չէին հասկացել: Այստեղ միայն թվեր ներկայացրեցին՝ հաշվապահական, ֆինանսական: Բովանդակությունը չներկայացվեց: Ըստ երեւույթին չգիտեին եւ բյուջեի կատարողականը հասկացել են միայն թվերը: Եվ ցավոք, ինչպես տեսաք, հարցադրումներ եղան, որ բովանդակությունը բացվի, բայց դա չեղավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930