Երեկ պատասխանելով իր բարձրաստիճան ընկերուհու՝ Ռիտա Սարգսյանի հետ ռուսերենով շփվելու մասին «Առավոտ»-ի թղթակցի հարցին, նախարարն ասել է. «Հետո՞, հարցիդ բնույթն ի՞նչ ա, ինչի՞ եմ ես ռուսերեն բառ օգտագործել, լավ եմ արել»։ Ինչ խոսք, տիկին Պողոսյանն իրավունք ունի խոսել որ լեզվով ցանկանում է եւ, ի վերջո, կարողանում է, սակայն որքան տեղյակ ենք՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ մշակույթի նախարարն էլ տոնավաճառում հագուստ վաճառող առեւտրական չէ։ Չնայած մեր իրականությունը հաշվի առնելով՝ դժվար է պնդել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Պողոսյանի՝ հայերենով խոսելուն, ապա թերեւս ավելի լավ կլինի, որ սույն տիկինն արտահայտվի մեկ այլ լեզվով եւ իհարկե՝ այլ կարգավիճակով։ Ի վերջո, հայերենը նուրբ լեզու է, որի չիմացությունն անմիջապես աչքի է զարնում՝ առավել եւս Հայաստանի մշակույթի կին նախարարի շուրթերից: Սակայն Պողոսյանը նաեւ շատ «համեստ» անձնավորություն է եւ ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ կարեւոր է մշակույթի նախարարի խոսելաձեւը. «Չէ՛, ես մի հատ ուզում եմ հասկանամ՝ դա ինչ-որ շատ ինչ-որ հույժ կարեւոր նշանակությո՞ւն է մեր երկրի համար այդ հանգամանքը»։
Եթե ինչ-որ մեկը չհասկացավ, թե ինչ է ուզում հասկանալ Հասմիկ Պողոսյանը՝ խնդրեմ. «Ես կարծում եմ, շատ երազում եմ, որ հասարակության ուշադրությունը ավելի սեւեռված լինի ավելի կարեւորագույն խնդիրների»։ Իսկ որպես այդպիսին՝ Պողոսյանը ներկայացնում է. «Օրինակ՝ ես կուզենայի՝ այսօր մեկնումեկը ինձ ասեր՝ տիկին նախարար, գրքեր եք տպագրել, օրինակ՝ այս գրքի բովանդակությունը արդյոք… Մեկը գիրքը կարդացած լիներ ու ասեր, որ ճիշտ բովանդակություն չի, ինչ-որ մի բանը սխալ է տպագրված»։ Փաստորեն, ՀՀ մշակույթի նախարարը հրապարակավ ընդունում է, որ իրենց տպագրած գրքերը որեւէ մեկին չեն հետաքրքրում։ «Եկե՛ք կարդանք։ Գնանք ներկայացում նայենք»,- կոչ է անում նախարարը, որն ըստ ամենայնի, ներկայացումները ոչ թե դիտում է, այլ հենց նայում։ «Ա՛յ դա օգտակար կլիներ ոչ միայն մշակույթի նախարարի համար, այլ նաեւ ոլորտի»,- խոստովանում է Պողոսյանը։ Լիովին միանում ենք նրա կոչին՝ առաջարկելով գնալ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն՝ ֆոնոգրամայի տակ բալետ «նայելու»։ Մեր ընթերցողներից եւ ՀՀ լեզվի պետական տեսչությունից էլ ներողամտություն ենք հայցում՝ նախարարի խոսքի մեջբերման արդյունքում մեկ հոդվածում այդքան շատ քերականական սխալներ թույլ տալու համար։
«Ժողովուրդ»