Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային համաձայնության կառավարություն կամ Գա-գիկ նա-խա-գահ

Սեպտեմբեր 27,2012 11:11

Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը: Թե որ ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ինչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք առաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում։ Փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը դրված է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում։ Ըստ այդմ, Ծառուկյանը երեք սցենար ունի եւ, կախված Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից, դրանցից մեկով էլ կառաջնորդվի։ Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, փորձելու է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը։ Ինչպես արդեն գրվել է, Ծառուկյանը դրա դիմաց ցանկանում է ստանալ վարչապետի պորտֆելը։ Պարզվում է, սակայն, որ ԲՀԿ ղեկավարն այդ պաշտոնը ոչ միայն իր եւ իր կուսակցության համար է ուզում, այլ՝ ստանալուց հետո մտադիր է ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն այլ քաղաքական ուժեր եւս։ Ըստ մեր աղբյուրի, եթե նման համաձայնություն ձեռք բերվի, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կստորագրվի հուշագիր, որտեղ կնշվի, որ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀ Սահմանադրության պահանջով երկրի նախագահը կցրի կառավարությունը, կձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Այսպիսով, Սերժ Սարգսյանը կստանա ԲՀԿ-ի աջակցությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կդառնա ազգային վարչապետ եւ փաստացի առաջնորդը բոլոր այն քաղաքական ուժերի, ովքեր հավակնում են ազգային համաձայնության կառավարության մաս կազմել։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, անհաջողության դեպքում Ծառուկյանը եւս երկու պահուստային տարբերակ ունի։ Առաջինի դեպքում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց պահանջելու է ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանին» հանձնել կառավարման համակարգի 30 տոկոսը՝ ամբողջությամբ։ Խոսքը վեց ամբողջական ոլորտների մասին է։ Այս դեպքում Սերժ Սարգսյանը, ավելի քիչ բան զիջելով, կստանա ԲՀԿ-ի աջակցությունը։

Այս դեպքում էլ, ըստ մեր աղբյուրների, ԲՀԿ առաջնորդը մտադիր է ազգային համաձայնության վեց նախարարություն ստեղծել, այսինքն այդ նախարարությունները համալրել այն ուժերի կադրերով, որոնք կարող էին ազգային համաձայնության կառավարության մաս կազմել։

Ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, վեց ոլորտների շուրջ համաձայնության չգալու դեպքում, Գագիկ Ծառուկյանն առաջնորդվելու է իր վերջին պահուստային տարբերակով։ Այդ պարագայում ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չի սատարելու, փոխարենը՝ նախագահական ընտրություններում հանդես է գալու սեփական թեկնածուով, իսկ այդ թեկնածուն լինելու է ինքը՝ Ծառուկյանը։ Վերջինս ակնկալում է, որ այս դեպքում էլ իր թեկնածությունը կպաշտպանի ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ՝ այլ քաղաքական ուժեր եւս։

Հ.Գ. Վերոնշյալ երեք սցենարներից կոնկրետ որը կընտրի Աերժ Սարգսյանը՝ առայժմ պարզ չէ: Ակնհայտ է սակայն, որ նա հավասարապես աշխատում է երեքի ուղղությամբ էլ։ Առաջին երկուսի դեպքում առանձնապես գործողություններ պետք չեն, բավական է մեկ-երկու պատվիրակ ուղարկել քաղաքական ուժերի ղեկավարների մոտ, մանրամասներ հստակեցնել եւ այլն։ Իսկ ահա երրորդ տարբերակին Սերժ Սարգսյանի նախապատրաստությունները շատ ավելի կոնկրետ են։ Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարված խոշոր չարաշահումների առթիվ։ Այն ժամանակահատվածը, որում, ըստ դատախազության հաղորդագրության, կատարվել են չարաշահումները, համընկնում է քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Քաղաքաշինության ոլորտում չարաշահումների մասին Սերժ Սարգսյանը խոսել էր նախանցյալ շաբաթ կառավարությունում տեղի ունեցած իր հայտնի խորհրդակցության ժամանակ։ Նա շեշտել էր նաեւ առողջապահության ոլորտում կատարված չարաշահումների մասին, եւ եթե դատախազությունն արձագանքել է քաղաքաշինության ոլորտին առնչվող դժգոհությանը, ապա ենթադրվում է, որ նույնը տեղի կունենա առողջապահության ոլորտի հետ։ Եվ եթե այս ոլորտում քրեական գործ հարուցվի, չի կարող առնչություն չունենալ մինչեւ վերջերս առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի հետ։ Այսինքն, այսօր արդեն երկու կարկառուն ԲՀԿ-ական՝ Վարդան Օսկանյանն ու Վարդան Վարդանյանը, պոտենցիալ «քաղաքական հալածյալներ» են, իսկ մոտ ժամանակներս նրանց կարող է միանալ նաեւ Հարություն Քուշկյանը։

«Հայկական ժամանակ»     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930