Ինչքան էլ հազվադեպ միացնես հեռուստացույցը՝ հայկական հեռուստատեսություններից որեւէ մեկն ինչ-որ ազարտային խաղ է ցույց տալիս ու խաղադրույքներ դնելու, լոտոներ գնելու գովազդային առաջարկներ անում։ Ինչո՞ւ այս հարցը չի անհանգստացնում «հանրային» կոչվող խորհրդին։ Եթե ժամեր շարունակ հայտնի հեռուստաաստղերն ու հարգելի մարդիկ նստած՝ մոլագարի նման պոկեր են խաղում, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մատաղ սերնդի վրա։ Ազարտային խաղերն առանց խաղադրույքների, տանուլ տալու եւ շահելու չեն լինում։ Եթե այդքան մտահոգ եք մատաղ սերնդի դաստիարակությամբ, արգելեք ազարտային խաղեր՝ մաֆիա, պոկեր, շահումով լոտոներ պրոպագանդելը: Մեր եթերը, փաստորեն, իր բազում թերություններից բացի, նաեւ ազարտային խաղերի քարոզով է զբաղված։ Գուցե ինչ-որ մարդկանց հետաքրքիր է դիտել, թե ինչպես են Սոֆի Ղեւոյանը կամ Նադեժդա Սարգսյանը եթերում «կարտ» խաղում, բայց որքանո՞վ է դա անվտանգ, օգտակար ու դաստիարակչական տեսանկյունից շահեկան։ Ազգին «կարտ» խաղա՞լ եք սովորեցնում։ Եթե հիշենք, թե ովքեր են մեզանում կազինոների տերերը, հասկանալի կդառնա, որ դա հենց այնպես, հեռուստաեթերը լցնելու համար չի արվում։
«Հրապարակ»