Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողով ստեղծելու փոխարեն, թող հարցեր տան Գրիգոր Գրիգորյանին

Սեպտեմբեր 27,2012 10:35

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դնելու որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել 2008թ. մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով: Որքանո՞վ է նման հանձնաժողովի ստեղծման գաղափարն արդիական այսօր, ի՞նչ իրավական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ նման հանձնաժողովի ստեղծման հարցի արծարծումը հատկապես հիմա, և որքանո՞վ այն կնպաստի Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը:

Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ, Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման նպատակով 2009թ. հոկտեմբերին ստեղծված և մինչև 2010 հունիսը գործած Փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանի հետ:

– Ստացվում է, որ Կոնգրեսը անկարող է հասնել Մարտի 1-ի բացահայտմանը և պետք է լռի՞:

– Կոնգրեսը Մարտի 1-ը բացահայտելու համար պետք է հասներ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության, ավելի պարզ ասած` իշխանափոխության, որի խոստումը տվել էր հասարակությանը: Եթե քաղաքական իրավիճակը երկրում փոխված լիներ` նման հանձնաժողովի ստեղծման իմաստն էլ կվերանար, քանի որ Մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեին ինքնըստինքյան: Բայց եթե քաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է օգտագործել խորհրդարանական այլ հարթակներ Մարտի 1-ի հարցը բարձրացնելու համար:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող էթիկայի հանձնաժողովը կարող է կանչել նույն Գրիգոր Գրիգորյանին, և նրան հարցեր ուղղել` կապված Մարտի 1-ի դեպքերի հետ, հարցեր, որոնք ժամանակին Նիկոյանի կողմից ղեկավարվող հանձնաժողովն այդպես էլ չտվեց: Օրինակ` նույն պարոն Ջհանգիրյանը կարող է Գրիգորյանին հարցնել, որ` դուք տվեցիք «Չերյոմուխա 7»-ի կիրառման հրամանը, որի արդյունքում առնվազն 3 մարդ է սպանվել:

Ասացեք` ձեր հրամանը օրինակա՞ն էր, թե՞ ապօրինի: Մարդը անմիջական մասնակցություն ունի Մարտի 1-ի իրադարձություններին, և փոխանակ այդ հարցը քննարկելու, փորձում են նրա հետ հանձնաժողով ստեղծել և համատեղ պարզել մեղավորներին: Կարող են նմանատիպ հարցեր քննարկել նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովում, կառավարությանը հարցեր ուղղելու հնարավորությունը օգտագործեն այդ հարցը բարձրաձայնելու համար: Այլապես, միայն շոու սարքելու համար հարցը բարձրացնելուն և իմիտացիա ստեղծելուն ես դեմ եմ:

– Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ իրենք ուզում են այս նախաձեռնությամբ թեստ անել և տեսնել, թե ովքեր են կողմ և ովքեր են դեմ Մարտի 1-ի բացահայտմանը:

-Եթե ՀԱԿ-ն այդ դեպքերից 4,5 տարի հետո է միայն ուզում պարզել, թե ովքեր են դեմ բացահայտմանը, ապա կարծում եմ` պատկերը իսկապես շատ տխուր է: Իրականում 2008թ. սկսած նման բազմաթիվ թեստեր են անցկացվել, և հանրությունը շատ լավ գիտի, թե ովքեր են դեմ Մարտի 1-ի բացահայտմանը, և հավելյալ թեստի կարիք, կարծում եմ, չկա:

– Շաբաթվա սկզբին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց հարցման արդյունքներ, ըստ որոնց` հարցվածների 40 տոկոսը ԲՀԿ առաջնորդին դիտում է որպես ընդդիմության միասնական թեկնածու: ՀԱԿ-ը ԲՀԿ-ին մարտիմեկյան թեստավորման ենթարկելով` կարո՞ղ է ցույց տալ հասարակությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, իսկ նրա առաջնորդը` ընդդիմադիր թեկնածու:

– Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում` Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն ունեցավ նման խայտառակ թվեր հրապարակելու: Եթե «քաղաքագիտական վերլուծության» միջոցով ԲՀԿ-ին չտրվեր ընդդիմադիր երևալու հնարավորություն, ապա Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն չէր ունենա Ծառուկյանին ներկայացնել 40 տոկոս քվե ունեցող, այն էլ` ընդդիմադիր թեկնածու: Իսկ ամենասարսափելին այն է, որ Ադիբեկյանին հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել` որպես 20 տոկոս ունեցող ընդդիմադիր թեկնածու:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ չմարսած Հոկտեմբերի 27-ը, դեռ չմարսած Մարտի 1-ի սպանությունները` դարձավ ընդդիմադիր ընտրազանգվածի 20 տոկոսի տերը: Ես սա եմ համարում ամենասարսափելին: Իսկ դա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ շարժումը հետևողականորեն չէր պարտադրում իշխանությանը` կատարել իր խոստումը և բացահայտել Մարտի 1-ը: Բոլորս էլ տեսնում էինք, որ 2011թ. ապրիլից սկսած Մարտի 1-ի թեման մի տեսակ սառեցվել էր, և դրանով զբաղվում էին միայն զոհերի հարազատները:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Դուք նման հանձնաժողովի ստեղծումը համարում եք աննպատակ:

– Այսօրվա խորհրդարանում կա երկու մեծամասնություն. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, և այս երկու ուժերն էլ բացարձակապես շահագրգռված չեն Մարտի 1-ի իրական պատճառների և մեղավորների բացահայտմամբ: Ջհանգիրյանի առաջարկած հանձնաժողովի ստեղծման գաղափարն ամենայն հավանականությամբ, կմերժվի, իսկ եթե անգամ նման հանձնաժողով ստեղծվի էլ` ապա հերթական իմիտացիայի համար, որպեսզի այդ երկու մեծամասնություններն իրենց վրայից գցեն Մարտի 1-ի պատասխանատվությունը:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930