Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործադիրը հերթական անգամ տեղի տվեց ու շարժվեց խաղատների պահանջով

Սեպտեմբեր 27,2012 10:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է մշակել օրենքի նախագիծ, որը մեկ տարով կհետաձգի «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի կիրարկումը։ Խոսքն ըստ էության օրենքի այն դրույթի մասին է, որը 2013թ. հունվարի 1-ից նախատեսում է խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ-ից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ նաև Երևանից դուրս գտնվող կառավարության սահմանած վայրերում։

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի՝ Երևանի մերձակայքում 40 մլրդ-ը գերազանցող ներդրումային ծրագրով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ։ Տնտեսավարողների կարծիքով՝ սա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013թ.։

Ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Արդյունքում ներդրումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել օրենքի՝ մայրաքաղաքի մերձակայքից խաղատներն առանձնացված գոտիներ տեղափոխելու պահանջը։

Վարչապետը նշել է, որ դեմ է մենաշնորհներին ցանկացած ոլորտում, և առաջարկել է խաղասրահների ներկայացուցիչներին ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից և առկա ռիսկերից: Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որը մեկ տարով կհետաձգի արդեն իսկ ընդունված օրենքի կիրարկումը։

Կառավարության երեկվա խորհրդակցությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից։

Նախ 2010թ. ապրիլի 1-ին կառավարությունն արդեն իսկ ընդունել էր «ՀՀ խաղային գործի բնագավառի կարգավորման և վերահսկողության մասին» հայեցակարգ, որի նպատակը, ըստ գործադիրի, միջազգային լավագույն փորձի հիման վրա Հայաստանի խաղային գործի ոլորտի կարգավորումն է, ինչպես նաև վերահսկողության ապահովումը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում։ Հայեցակարգով սահմանվում է, որ խաղատները պետք է հաշվետվություններ ներկայացնեն, ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվի և վերահսկվի, որ խաղային ավտոմատների ծրագրային ապահովումը լինի սերտիֆիկացված, և խաղային ապարատների 86%-ը շահումներ տա։

Պարզաբանելով հայեցակարգի դրույթները՝ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այն ժամանակ նշում էր, թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խաղատների բիզնեսում խաղի կանոնների խստացումը բերում է խոշորացման: «Իրականում, սա միակ ոլորտն է, որում խոշորացումն արդարացված է»,– ասում էր փոխնախարարը:

Ներկայում ձևավորվել է մի իրավիճակ, երբ խաղատների համար ոչ միայն ցանկալի չեն խստացումները, այլև վերջիններս ըստ էության դիմել են ճնշումների, և կառավարությունը տեղի է տալիս։

Մայրաքաղաքի մերձակայքից խաղատները առանձնացված գոտիներ տեղափոխելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, ռուսական օրինակի կրկնությունն է։ 2010թ. արդեն իսկ պարզ էր, որ 2013թ. դրանք չեն տեղափոխվի։ Գործադիրն այն ժամանակ հիմնավորում էր, թե առանձնացված գոտիներ խաղատների տեղափոխումը կխթանի ներգնա տուրիզմի և ենթակառուցվածքների զարգացումը նշված վայրերում, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանն ու լրացուցիչ մուտքեր կապահովի պետբյուջե։

Ռուսաստանում 2006թ. կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտադրում էին 2009թ. հուլիսի 1-ից կազինոները և խաղային ակումբները տեղափոխել հատուկ առանձնացված խաղային գոտիներ կամ փակել։ Ուշագրավ էր, որ մինչև վերջին պահը նշված գոտիներում ենթակառուցվածքներ այդպես էլ չստեղծվեցին։ Խաղատները հույս ունեին, թե գործադիրը կգնա զիջումների։ Սակայն Ռուսաստանում իշխանությունները հետևողական գտնվեցին՝ խաղատներին ստիպելով կա՛մ տեղափոխվել խաղային չորս գոտիներ, կա՛մ փակվել։

Հայաստանում գործադիրն ըստ էության հերթական անգամ տեղի տվեց ու շարժվեց խաղատների պահանջով։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայստանում ուժի մեջ է թվով 72 շահումով խաղի, 10 խաղատան և 5 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա: Ընթացիկ տարվա ութ ամիսներին ֆինանսների նախարարությունը տրամադրել է 1 վիճակախաղերի և 4 շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա, ուժը կորցրած ճանաչել թվով 14 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա ու կասեցրել թվով 9 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողություն: Կիրառվել է տուգանք 4 խաղատան (6,6 մլն-ի) և շահումով խաղերի 8 կազմակերպիչների նկատմամբ (16,8 մլն-ի)։

Արմենակ Չատինյան 

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930