Հայաuտանի կառավարությունն այսօր որոշում կընդունի լիազորել Երեւանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելու Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Տեղեկացնենք, որ 33-րդ թաղամասը նույն «Ֆիրդուսնոց» անվանվող թաղամասն է, որը հանրային գերակա շահ է ճանաչվել ուղիղ 10 տարի առաջ, սակայն իրացման եւ կառուցապատման աշխատանքներն այստեղ անընդհատ ձգձգվում են: Դժվար է ասել, թե ի՞նչ կփոխի կառավարության այս որոշումը, քանի որ մեկ այլ թաղամասի` Կոզեռնի վերաբերյալ անցյալ տարվա հոկտեմբերին կառավարության ընդունած համանման որոշումը, որով Երեւանի քաղաքապետին լիազորություն էր տալիս նույն պայմանագիրը կնքելու կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հետ, ոչինչ չփոխեց: «Լոկալ Դիվելոփըրզը» մինչ այժմ ոչ մի քայլ չի իրականացրել այս տարածքում իրացման աշխատանքներ սկսելու համար, միաժամանակ, չի էլ պատրաստվում հրաժարվել այդ տարածքից` արդեն 9 տարի պատանդի կարգավիճակում պահելով այդտեղ բնակվող մոտ 150 ընտանիքներին: Վերջիններս չեն կարողանում ազատորեն տնօրինել, մասնավորապես վաճառել իրենց գույքը, քանի որ ոչ մի պոտենցիալ գնորդ չի ցանկանում գույք ձեռք բերել մի տարածքում, որը իրացման գոտի է կամ որտեղ քաղաքաշինական ծրագիր պետք է իրականացվի:
Կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանն էլ կամ անզոր են կառուցապատողներին պարտադրելու կատարել իրենց պարտավորությունները, կամ էլ առանձնապես հետաքրքրված չեն տարիներ շարունակ անորոշ վիճակում հայտնված վերոնշյալ եւ այլ իրացման գոտիներում բնակվող հարյուրավոր ընտանիքների ճակատագրերով:
«Ազգ»