Հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանի ներկայացմամբ` հերթական անգամ այս կարեւոր խնդրին Հանրային խորհուրդն անդրադառնում է հանրապետության նախագահին ուղղված մի խումբ մտավորականների դիմումի համատեքստում, որով նրանք հանդես էին եկել ոլորտի կանոնակարգման մտահոգությամբ:
Քննարկման մասնակիցների թիրախը հիմնականում հայրենի հեռուստատեսությամբ ցուցադրվող անճաշակ եւ պարզունակ, բռնությամբ հագեցած սերիալներն էին, ինչպես նաեւ ձանձրալի ու գռեհիկ շոու, հումորային, ժամանցային ծրագրերը: Բնականաբար ներկաներից յուրաքանչյուրը ուներ իր` առանձին դժգոհությունը եթերից, բայց ի՞նչ անել, ինչպե՞ս դրական փոփոխությունների հասնել հարցի պատասխանը նրանք բոլորովին տարբեր կերպ էին պատկերացնում, ինչն էլ բուռն վեճերի առիթ տվեց:
Բեմադրիչ, ՀՌԱՀ նախագահի տեղակալ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ, անդրադառնալով մեր սերիալներում առկա բռնությունների տեսարաններին, փորձեց զուգահեռներ անցկացնել «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի այն դրվագի հետ, ուր գերմանացի սպան մանկահասակ երեխային մոր աչքի առաջ ձմռան ցրտին դնում էր բաց պատուհանին, ինչ է թե՝ մորից ինչ-ինչ տվյալներ կորզի:
Այս առումով դիտարկումը բավական տիպական էր. «Արժեքավոր, արվեստի նմուշ հանդիսացող ֆիլմում ցուցադրվող ագրեսիան եւ անորակ հեռուստասերիալներում մշտապես առկա եւ բացասական ազդեցություն ունեցող ագրեսիան բոլորովին տարբեր են: Կան չափորոշիչներ, որոնց կիրառման դեպքում ագրեսիան չի դառնում կրկնօրինակման առարկա: Մեր հեռուստատեսությունների գլխավոր բացասական կողմն այն է, որ ագրեսիան ցուցադրվում է որպես առօրյա սոցիալական մշակույթ»:
Ժ.Դադասյանը հանգամանորեն անդրադարձավ նախորդ շրջանում հեռուստատեսության ոլորտի կանոնակարգման փորձերին. «Մոտ 2 տարի առաջ նախաձեռնեցինք չափորոշիչների մշակման գործընթացը, արդյունքում հստակեցնելով, թե օրվա որ ժամին պետք է ցուցադրվեն այն հաղորդումները, որոնցում դաժանության, բռնության եւ էրոտիկ տեսարաններ կան»։
Այս դեպքում մեզնից յուրաքանչյուրն իր անձնական դիտողունակությանն ու մոնիտորինգին է հավատում, որը փաստում է. այդ չափորոշիչներն այսօր պարզապես չեն կիրառվում:
Քննադատության եւ բուռն քննարկումների առիթ տվեց Ժ.Դադասյանի այն միտքը, թե «հեռուստատեսությունն ունի իր հստակ ձեւակերպված խնդիրները, եւ ըստ այդմ նրա հիմնական դերը լրատվություն հաղորդելն է, այսինքն՝ տեղեկատվական է եւ ճանաչողական-ժամանցային, իսկ կրթադաստիարակչական գործառույթը հարակից է, ենթադրվող»:
Ներկաներից շատերի կարծիքով` հեռուստատեսության հիմնական գործառույթներից մեկը հենց կրթադաստիարակչականն է: Ի դեպ, այստեղ մենք նույնպես համամիտ չենք Ժ.Դադասյանի տեսակետին, քանի որ հեռուստատեսությունը ամենազանգվածային լրատվամիջոցն է, ուստի նախեւառաջ պիտի բիզնեսից, կոմերցիայից զատ մտածի, թե իր տված պրոդուկտը ինչի է վերածվում, ինչ է տալիս հանրությանը` մեծին ու փոքրին:
«Կենտրոնի» հեռուստահաղորդավար ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով. «Պետք է այնպես անել, որ հեռուստատեսությունն իր եթերի մի մասը գոնե օգտագործի կրթադաստիարակչական նպատակներով, ամբողջովին բիզնես չդիտարկվի, մեղմացնի բիզնես գործառույթը: Հովանավոր բեր, ինչ ուզում ես նկարիր, ցույց տուր: Մինչդեռ լավագույն հաղորդումները դուրս են մնում եթերից հովանավոր չունենալու պատճառով»։
Քննարկմանը ներկա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԻ տվյալներով՝ վերջին շրջանում անչափահասների շրջանում ավելացել են բռնության դեպքերը, այսինքն՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող նյութի անմիջական հետեւանքն ու արդյունքն է սա. «Կարծում եմ, այս փաստը պայմանավորված է նաեւ կրթադաստիարակչական հաղորդումների պակասով եւ քրեական տարրեր պարունակող հեռուստահաղորդումների եւ սերիալների ավելցուկով»:
Ելույթները շատ էին, մտահոգությունները` մանկապատանեկան հաղորդաշարերի ստեղծումից եւ հեռուստաթատրոնի վերականգնումից մինչեւ հեռուստաեթերում լեզվի անաղարտությունը, կադրային քաղաքականությունը եւ այլ հարցեր: Ի վերջո, նաեւ չափորոշիչների բազմիցս չարչրկված հարցը, որն այսօր ակնկալվում է խորհրդարանից: Այլ հարց է, թե ինչպես կարող են ազդել չափորոշիչները հեռուստաեթերի վրա, որն ունի գաղափարի եւ մտքի պակաս:
Ի՞նչ անել, սպասել, ինչպես Դադասյանն է ասում, հեռուստաեթերի ինքնակարգավորմա՞նը: Մինչեւ ե՞րբ: Եվ արդյոք այս կերպ կզուլալվե՞ն ջրերը: