Որքան էլ թեժանում են հայաստանյան կրքերը 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ, և որքան էլ ինտրիգային է դառնում այս հարթության վրա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան եռանկյունին և ԲՀԿ դերակատարումը այս կոնտեքստում, միևնույն է` կարելի է վստահաբար ասել, որ խնդիրն այս ամենում ոչ թե գալիք նախագահական ընտրություններն են, այլ դրանց հաջորդած հնգամյակում 2017-18 թվականների ընտրությունների համար դիրքավորվելը:
Սերժ Սարգսյանը պետք է հինգ տարի անց թողնի նախագահական պաշտոնը: Քչերն են կասկածում, որ հինգ տարի անց էլ Հայաստանում այդ պաշտոնի համար պայքարում որոշիչը լինելու է իշխանական համակարգի, ոչ թե հասարակության ձայնը: Համենայնդեպս, այսօր չկան լավատեսության տեսանելի հիմքեր: Իսկ ո՞ւմ պետք է թողնի նախագահական պաշտոնը Սերժ Սարգսյանը և ի՞նչ պետք է անի ինքը՝ մնա վարչապե՞տ, թե՞ հեռանա ընդհանրապես, այսպես ասած` դառնալով թոշակառու:
Սրանք խնդիրներ են, որոնք հանդիսանում են ներկայիս քաղաքական գործընթացների և ներիշխանական հարաբերությունների հիմքը: Եվ այստեղ են «Բարգավաճ Հայաստանի» ու Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հավակնությունները՝ չթողնել դաշտում որևէ այլ սուբյեկտ, որ կարող է հավակնել իշխանությունը ստանձնելուն, և այդպիսով Սերժ Սարգսյանին չթողնել իշխանությունն իրենց փոխանցելու այլընտրանք: Այս իմաստով, նույնիսկ կարելի է նկատել Քոչարյան-ԲՀԿ տանդեմի հաշվարկը. 2013-ը հանձնել Սերժ Սարգսյանին` իհարկե փորձելով նրա համար ստեղծել հնարավորինս շատ բարդություններ և հետևաբար նաև կախվածություն, փոխարենը նրանից վերցնել 2017-18-ը, չթողնել ուրիշ այլընտրանք:
Սերժ Սարգսյանի համար խնդիրն, իհարկե, այն է, որ ինքը որոշի, թե ում է փոխանցելու իշխանությունը: Եթե Քոչարյանն ու Ծառուկյանը նրան այլընտրանք չեն թողնում, ապա այստեղ պարզ է, որ որոշողը հենց Ծառուկյանն ու Քոչարյանն են, ոչ թե Սարգսյանը: Սա, իհարկե, Հայաստանի համար կնշանակի դարձ ի շրջանս յուր, այսինքն` անպտուղ մի պտույտ և անհեռանկար էստաֆետ:
Սերժ Սարգսյանի համար իրավիճակը պակաս անհաջող և ռիսկային չէ: Նրա համար այստեղ մնում է մի տարբերակ՝ գալիք հինգ տարում փոխել իշխանական համակարգը, որում ինքն ընդամենը փայատերերից մեկն է, ոչ ավելին: Նրա խնդիրն է ձևավորել մի համակարգ, որը կլինի իր իշխանությունը: Իսկ այդ խնդիրն անհնար է լինելու լուծել առանց քրեաօլիգարխիկ համակարգը կոտրելու: Ընդ որում` այդ գործում հարկ կլինի զոհել նաև յուրային մի շարք օլիգարխների, որպեսզի թե՛ հասարակության համար համոզիչ լինի գործընթացը, թե՛ նաև համակարգում չձևավորվի, այսպես ասած, երկու հակադիր ճակատ:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը ստիպված է կառուցել առավելապես հանրային կարծիքի վրա հիմնված իշխանական համակարգ, եթե ցանկանում է 2017-18 թվականներին պահել իշխանության փոխանցման հարցում որոշում կայացնելու հնարավորությունը: Այլապես, զրկվելով այդ հնարավորությունից, դժվար է պատկերացնել, թե հետագայում էլ ինչերից կարող է զրկվել Սերժ Սարգսյանը: Դա արդեն զգալիորեն կախված կլինի Քոչարյան-Ծառուկյան տանդեմի տրամադրությունից ու նաև համաշխարհային իրավիճակից: Սերժ Սարգսյանը երևի թե ինքն էլ լավ է պատկերացնում այդ հեռանկարը և ռիսկը, հետևաբար նաև դրանից բխող անելիքը:
«Ժամանակ»