Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցությունը իր օրենսդրական նախաձեռնությամբ փորձում է տեստ իրականացնել հատկապես ԲՀԿ-ի համար

Սեպտեմբեր 27,2012 10:16
Երեկ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին ներկայացրեց «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որն այսօրվանից դրվելու է շրջանառության մեջ
Հույս կա՞, որ խորհրդարանական ուժերը այս հարցում կաջակցեն ՀԱԿ խմբակցությանը: Ի պատասխան այս հարցի, երեկ Ջհանգիրյանը նկատեց. «Սա այն, կոպիտ ասած` տեստն է, որով կտեսնենք, թե ովքեր են ուզում, որ մարտի 1-ը բացահայտվի»: Նա նաեւ տեղեկացրեց, որ խորհրդարանական ուժերի մոտեցումներին ծանոթանալուց, հատկապես իրենց օրենսդրական նախաձեռնությունը մերժելուց հետո «կասենք, ինչ ենք անելու»:
Այն, որ ՀԱԿ խմբակցությունը իր այս նախաձեռնությամբ փորձում է նախագահական ընտրություններից առաջ ակտիվորեն զբաղվել խնդրի շահարկմամբ, նաեւ դրանով ինչ-ինչ դիվիդենտներ ձեռք բերել, ակնհայտ է։ Դրանում համոզված են շատերը:
Բայց երբ խոսվում է տեստի մասին, դա, ինչպես ասում են, «տանում է ուրիշ տեղ», որը դարձյալ շաղկապված է նախագահական ընտրությունների հետ:
Այսպես, ուրեմն, ՀԱԿ-ը կրկին որոշել է պարզել, թե ընդդիմադիր ուժերից որն է իսկական, որը` կեղծ: Մեկ-երկու տարի առաջ ՀԱԿ առաջնորդը նման մի տեստ իրականացրեց հրապարակում: Ավելի ճիշտ, իր ելույթներից մեկում, անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ ուժերը ընդդիմություն չեն: Ըստ Տեր-Պետրոսյանի, նախագահի հրաժարականը չպահաջող բոլոր ուժերը «կեղծ ընդդիմություն» են: Ամեն ինչ են` «մորթապաշտներ», «կոմֆորմիստներ», բայց ոչ «իսկական ընդդիմություն»: «Իսկականը» միայն ՀԱԿ-ն է:
Հիմա դարձյալ ՀԱԿ-ը ձեռնարկում է «ստուգողական» միջոցառում, ինչի շնորհիվ փորձելու է պարզել «իսկականն» ու «կեղծը»:
Շուտով կլրանա ՀԱԿ առաջնորդի «քաղաքագիտական վերլուծության» հրապարակման մեկ տարին, որով նա համագործակցության կոչ էր անում ԲՀԿ-ին:
Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» նշանակետը 2013-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններն էին: Այսինքն` ԲՀԿ-ին հղած գործակցության իր ուղերձով ՀԱԿ առաջնորդը, այսպես ասած, նախապատրաստում էր այն դաշտը, որտեղ ուս ուսի տված պետք է գործեին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ, որ ամենակարեւորն է, երկու ուժերի մերձեցումից պետք է լույս աշխարհ գար նախագահի «միասնական թեկնածուն»: Հասկանալի է, որ այդ «կարգավիճակը» Տեր-Պետրոսյանը վերապահել էր իրեն: Դե, իսկ ԲՀԿ-ն պետք է հանդես գար իր թեկնածության հզոր աջակցողի դերում:
Սակայն անցած մեկ տարվա ընթացքում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունը այդպես էլ շարունակեց մնալ հնարավոր: Բացի մեկ-երկու «թեթեւ առկայծումներից» այս ուժերի միջեւ մինչ օրս դեռ իրական գործակցություն տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ անցած շրջանում ՀԱԿ-ը գրեթե դատարկվեց, բազմաթիվ գործիչներ ու կուսակցություններ լքեցին կոնգրեսը: Սակայն «տուժող կողմը»` ՀԱԿ-ը, շարունակում էր հույս տածել, թե «Բարգավաճը» իր հետ համագործակցության կոնկրետ քայլեր կձեռնարկի` այդ կերպ «փոխհատուցելով» կոնգրեսին պատճառված վնասը: Այն է` ՀԱԿ-ի տնաքանդությունը:
Ավաղ, առայժմ ԲՀԿ-ն շարունակում է նույն քաղաքականությունը, ինչը նկատելի էր ի սկզբանե: Մեկ տարի առաջ ԲՀԿ-ն հայտարարեց, թե Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» ընդունել է ի գիտություն: ՀԱԿ-ի հետ գործակցության շրջանակը կարծես թե «ի գիտությունից» այն կողմ չի անցել:
Այս ընթացքում ՀԱԿ-ում մնացած գործիչներն ու ուժերը ատամները կրճտացնելով սպասում էին եւ չէին համարձակվում որեւէ բան ասել ԲՀԿ-ի որդեգրած կեցվածքի մասին: Բնականաբար չէին հանդգնում որեւէ բան ասել, քանի որ դա նրանց արգելում էր ՀԱԿ առաջնորդը:
Վերջին շրջանում շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն լինելու է Գագիկ Ծառուկյանը, որը դառնալու է ընդդիմության միասնական թեկնածու, կարծես հունից հանեց ՀԱԿ-ին եւ նրա առաջնորդին:
Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, շարունակում էր «ուսումնասիրել» իր առաջադրման համար անհրաժեշտ «քաղաքական գործոններն ու ռեսուրսները»: Նույնն է թե «ուսումնասիրում» էր ԲՀԿ-ի վարքը եւ այն, թե ինչ է մտածում «Բարգավաճը» նախագահական ընտրությունների հետ կապված: Այստեղից շարունակ պատասխանում են, թե «դեռ այդ հարցը չենք քննարկել, եւ երբ կգա ժամանակը, ամեն ինչ կհայտնենք»:
ՀԱԿ, դե արի ու մի խելագարվիր:
Տեր-Պետրոսյանի ցուցումով վերջին օրերին նրա զինակիցները, կոնգրեսի անդամները փրփուրը բերաններին հայտարարում են, թե «բացառվում է, որ ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանին», մյուսն էլ հիասթափված արձանագրում է, թե որեւէ հարցում միասնական քայլեր չեն ձեռնարկվում, ուրիշն էլ հայտարարում է, թե չի հասկանում ԲՀԿ-ի ներկա կարգավիճակը, եւ այդպես շարունակ:
Այսինքն` ՀԱԿ-ի համբերության բաժակը լցվել է եւ ուզում է վերջնականապես պարզել, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի «փլավին ջուր գցել»:
Եվ հիմա ՀԱԿ խմբակցությունը իր օրենսդրական նախաձեռնությամբ փորձում է տեստ իրականացնել հատկապես ԲՀԿ-ի համար:
«Բարգավաճը» եթե դեմ արտահայտվեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, նշանակում է Տեր-Պետրոսյանն իր հաշվարկների մեջ լիովին սխալվել է, իսկ նրա «քաղաքագիտական վերլուծությունը» միանգամայն հեռանկարից զուրկ քայլ էր:
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930