Նախորդ օրը, երբ SATR ծրագրի շրջանակներում Դիարբեքիրում անցկացվող Հայաստան-Թուրքիա կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց քուրդ գործիչ, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, թուրք լրագրող Իփեք Յեզդանին` «Հյուրիեթ» թերթից, նրանից հետաքրքրվեց քուրդ եւ թուրք քաղաքական գործիչների միջեւ ներկայումս սառեցված բանակցությունների մասին:
Օսման Բայդեմիրն ասաց.«Որքան թուրք ժողովուրդը, որին ես դեռ, շեշտում եմ` դեռ, հարգում եւ հավատում եմ, ունի իր կրոնն ու լեզուն ունենալու իրավունքը, այնքան էլ` քուրդ ժողովուրդը: Եվ քանի դեռ մայրական կաթը ճերմակ է, այդքան ժամանակ բոլոր ժողովուրդներն ունեն այդ իրավունքը, եւ քանի դեռ քուրդ ժողովորդին չեն տրվում այդ իրավունքները, ապստամբություններն ու դժգոհությունները շարունակվելու են: Քուրդ ժողովրդի պահանջները ոչ թե ինչ-որ անձնավորություն կամ կազմակերպություն է սկսել, այլ արդեն երկու հարյուր տարի այդ պահանջները կան: 21-րդ դարում պետք է ոչ մի կորուստ չլինի, ոչ ոք չպետք է զոհվի, ոչ քաղաքացի, ոչ գրոհային, ոչ զինվոր: Առանց բանակցությունների, առանց երկխոսության, առանց դեպի խաղաղություն գնացող յուրաքանչյուր օրը բոլորիս համար մեծ կորուստ է: Բանակցությունները պետք է սկսել, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր կփորձեն եւ փորձում են ձախողել, ձգձգել ու հետաձգել բանակցությունները, պետք է հասկանան, որ իրենք են պատասխանատու թուրք եւ քուրդ զավակների կորուստների զոհերի համար, պետք է հասկանան, որ այս ամենը ձախողելով մեղսակից են դառնում հանցագործությանը եւ սպանություններին, որովհետեւ սպանությունները տեսնել եւ ոչինչ չանելն ավելի մեծ մեղք է: Ում որ քրդերը հարմար են գտնում որպես բանակցող եւ գործընկեր, դրա հետ կառավարությունը պետք է գնա բանակցության, եւ բանակցության ընթացքում երկու կողմերի ձեռքերն էլ զենքերից հեռու պիտի լինեն: Երկու դեպքում էլ` զինվոր զոհվի, թե գրոհային, ես նույն ցավն եմ ապրում: Յուրաքանչյուր օր, որում կա բախում եւ սպանություն, երկու ժողովուրդների համար մեծագույն ողբերգություն է: 21-րդ դարում չի կարելի ապրել 20-րդ դարի սկզվի մտածելակերպով, պետք է իրար ճանաչենք եւ հարգենք: Մի ժողովուրդ, որը չի ճանաչում, չի ընդունում իմ ժողովրդի գոյությունը, ես էլ փոխադարձաբար չեմ ճանաչում նրան: Թող այս խոսքերս չդիտեն որպես անջատողականություն, բայց ինչպես չվրդովվեմ, եթե մինչեւ այսօր ես իմ հողի վրա իմ զավակին իր լեզուն չեմ կարողանում սովորեցնել, իմ հողի վրա իմ հողի անունը չեմ կարողանում տալ: Ես ասում եմ` հանձնվողականությանը` ո’չ, բանակցություններին` այո’»:
«Առավոտի» հարցին, թե իսկ ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին, ի՞նչ են ուզում քրդերը, եթե անջատողականության հարց չկա, պարոն Բայդեմիրն ասաց.«Աշխարհն արդեն ունի մեծ փորձ` նման հարցերի լուծման: Կան Հյուսիսային Իռլանդիայի, Կատալոնիայի, բասկերի, Հարավային Աֆրիկայի օրինակները, տարբերակներ շատ կան, պետք է բանակցել: Եվ բանակցությունների ժամանակ երկու կողմերն էլ պետք է փոխեն վարվելակերպը, երկխոսության լեզուն օգտագործեն: Թուրքիան չի կարող 21-րդ դարում կենտրոնացված իշխանական համակարգով առաջ գնալ, քրդերն ուզում են իրենց ապրած տարածքում տիրապետող եւ տնօրինող լինեն: Պետք է տարածքային կառավարման անցնել, պետք է որպես ժողովուրդ ճանաչեն քրդերին եւ տարածաշրջանը ճանաչեն որպես Քուրդիստան: Տասնյակ եւ հարյուրավոր տարիներ արգելված է եղել խոսել դրա մասին, մեղք եւ հանցանք է համարվել Քուրդիստան, քուրդ բառերն ասելը, բայց որքան էլ արգելեն, որքան էլ հերքեն, ոչինչ չի փոխվի: Այսքան տարիների ընթացքում այդ մերժողական վերաբերմունքով արդյ՞ոք իրականությունը փոխվեց, արդյո՞ք այդ խնդիրը լուծվեց կամ վերացավ: Չփոխվեց, բայց հազարավոր մարդիկ զոհվեցին: Դրա համար եմ ասում` շտապ պետք է նստել բանակցությունների սեղանին, եւ նա, ով դեմ է բանակցություններին, ուղղակիորեն կողմ է սպանություններին»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ