Օգոստոսի 31-ին Հայ Ազգային Կոնգրեսը դիմել էր Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ԱԺ աշխատանքները սպասարկող ավտոմեքենաների գնման քաղաքականության փոփոխման վերաբերյալ առաջարկով, սակայն նրանից այդպես էլ պատասխան չէր ստացել:
Այժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկրորդ նամակն է պատրաստվում ուղղարկել Հովիկ Աբրահամյանին: Ինչպես մեզ տեղեկացրել է Զուրաբյանը, նամակում, մասնավորապես, ասված է.
«Մենք նախորդ նամակում հարց էինք բարձրացրել, որ, ելնելով համաշխարհային ճգնաժամի պայմաններից, ամենուրեք աշխարհում կառավարությունները կրճատում են ծախսերը, և այդ իսկ պատճառով Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն առաջարկում է քննարկել ԱԺ աշխատանքների ապահովման համար նախատեսված ավելի էժան ավտոմեքենաների գնման հնարավորությունը: Այս նամակը գրելով՝ մենք ակնկալում էինք բովանդակային պատասխան, ընդ որում՝ հենց Ձեզանից: Սակայն մենք սեպտեմբերի 14-ին ստացել ենք պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավար Վ. Գասպարյանի կողմից, որում մեզ տեղեկացնում են այն մասին, ինչի մասին մենք առանց այն էլ գիտեինք: Այսինքն, որ խմբակցությանը հասնում է ավտոմեքենա և որ կառավարության պահուստային ֆոնդից ձեռք է բերվել «Toyota Camry» մակնիշի մեքենա: Խմբակցությունում քննարկվել է պատասխանը, և, քանի որ մենք չենք ստացել բարձրացված հարցի պատասխանը, որոշվել է նորից Ձեզ դիմել նամակով: Խնդրում ենք հստակորեն պատասխանել, արդյո՞ք հնարավոր է քննարկել և իրագործել ԱԺ աշխատանքների ապահովման համար ավելի էժան ավտոմեքենաներ գնելու մեր առաջարկը»:
ePress