Առաջին անգամ Սյունիքում` մարզի Կապան եւ Սիսիան քաղաքներում, դպրոցականները սովորելու են ռոբոտներ պատրաստել: 7-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվելու են ռոբոտատեխնիկայի դասընթացներ, որոնց ընթացքում աշակերտները փորձեր են անելու, ստեղծելու են մոդելներ, ծանոթանալու են ծրագրավորման տեխնոլոգիաներին: «Դասընթացների ժամանակ ռոբոտները պատրաստվելու են լեգո հիմքի վրա, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց բոլոր մտահաղացումները եւ ստեղծելու ռոբոտների տասնյակ հազարավոր տարբերակներ», – տեղեկացրեց «Վորլդ Վիժնի» երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, մոնիթորինգի գնահատման փորձագետ Արտակ Սաղաթելյանը: Խաղերի միջոցով կազմակերպվելիք միջոցառումներն ուղղված են լինելու նաեւ կապանցի եւ սիսիանցի դպրոցականների շրջանում քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, ծրագրավորում եւ կենսաբանություն առարկաների գիտելիքների խորացմանը: Մարզի 2 քաղաքներում անցկացվող ծրագիրը «Վորլդ Վիժն»-ի «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի բաղադրիչ մասն է կազմում, իսկ դասընթացների համար անհրաժեշտ թանկարժեք սարքավարումները ձեռք են բերվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Ծրագիրն իրականացվում է Սյունիքի եւ Արագածոտնի մարզերի չորս քաղաքներում` Կապանում, Սիսիանում, Ապարանում եւ Թալինում, որտեղ իրականացվելիք դասընթացների շրջանակներում նախատեսվում է տարեկան ունենալ 10 խումբ, յուրաքանչյուր խումբը կգործի 3-4 ամիս եւ բոլոր դասընթացները կլինեն անվճար դպրոցականների համար: Կապանում դասընթացները թիվ 1 հիմնական դպրոցում են լինելու, որին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես քաղաքային դպրոցների աշակերտները, այնպես էլ` գյուղական դպրոցների:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև