Այսօր ԱԺ-ում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացնում էր 2011-ի բյուջեի հաշվետվությունը: Aravot.am-ը նախարարին հիշեցրեց, որ անցյալ տարի իր անվան շուրջ ամենամեծ աղմուկը եւ քննադատության ալիքը բարձրացավ, երբ նա Ալեսանդրո Սաֆինայի համերգից հետո տիկին Ռիտա Սարգսյանին ճանապարհելիս ասել էր՝ «до свидания»: Նախարարը վստահեցրեց, որ դրանից ոչ տեղյակ է, ոչ էլ հիշում է: Ավելին՝ մեր մշակույթի նախարարը զարմացած հարցրեց՝ «Սաֆինան ո՞վ ա»: Մենք ծանոթացրեցինք՝ իտալացի տենոր, որի համերգին Դուք ներկա եք եղել, համերգից հետո էլ այդպես եք հրաժեշտ տվել Ռիտա Սարգսյանին: Նախարարն այսպես արձագանքեց՝ «Հետո՞, հարցիդ բնույթն ի՞նչ ա, ինչի եմ ես ռուսերեն բառ օգտագործե՞լ՝ լա՛վ եմ արել: Դա իմ իրավունքն ա՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Իսկ ո՞վ ասեց, որ մշակույթի նախարարն այլ լեզվով չի կարող խոսել: Եթե ես վաղը մի տեղ անգլերեն լեզվով եմ խոսում, շփվում, դուք պետք է մեղադրեք մշակույթի նախարարի՞ն: Չէ, ես մի հատ ուզում եմ հասկանամ՝ դա ինչ-որ շատ ինչ-որ հույժ կարեւոր նշանակությո՞ւն է մեր երկրի համար այդ հանգամանքը: Դուք դժգոհում եք իմ հայամետությունից, իմ հայրենասիրությունից, ինչ-որ մի իմ գործողությունների մեջ՝ որպես մշակույթի նախարար, դա ինչ-որ մի տեղ մի ազդեցությո՞ւն է եղել: Ես ավելի քիչ հայրենասեր եմ, հա՞ դրանից, կամ ավելի քիչ հայանպաստ գործով եմ զբաղվա՞ծ: Քննադատությունը միշտ էլ կա: Ես շատ ուրախ կլինեմ, որ ըստ էության քննադատությունը լինի: Ես պատրաստ եմ սիրով, հաճույքով լսել: Որտեղ կարող եմ պատասխանել՝ կպատասխանեմ, որտեղ կարող եմ ինչ-որ մի բան քաղել այդ քննադատությունից՝ քաղել: Բայց հիմա այդ քննադատությունից դուք ի՞նչ եք ուզում ասել, որ ես ընդհանրապես ռուսերեն խոսք չօգտագործե՞մ իմ կենցաղում: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ»:
Մենք նախարարին հիշեցրինք, որ անգլերեն կարող է խոսել անգլիացիների հետ հանդիպմանը, որ նա պետք է քարոզի հայերեն լեզուն : Նախարարը պատասխանեց. «Ինչպես դուք, ես ամեն օր հայերեն եմ խոսում՝ իմ աշխատանքի վայրում, իմ ընտանիքում: Ամենուր: Ես կարծում եմ, շատ երազում եմ, որ հասարակության ուշադրությունը ավելի սեւեռված լինի ավելի կարեւորագույն խնդիրների: Օրինակ, ես կուզենայի այսօր մեկնումեկը ինձ ասեր՝ տիկի՛ն նախարար, գրքեր եք տպագրել, օրինակ, այս գրքի բովանդակությունը արդյոք…Մեկը գիրքը կարդացած լիներ ու ասեր, որ ճիշտ բովանդակություն չի, ինչ-որ մի բանը սխալ է տպագրված»: Մենք ճշտեցինք՝ պատգամավորների՞ց մեկը կարդացած լիներ այդ գրքերը՝ նա պատասխանեց. «Չէ, ընդհանրապես, որեւէ մեկը, հասարակությունը: Ասեր, որ այսինչ խնդիրներ կան, խնդրում ենք ձեր ուշադրությունը այսինչ խնդրի վրա պահել: Ինչքա՞ն պիտի անելիք չլինի, որ տենց բաների վրա ուշադրություն դարձնեք: Եկեք կարդանք: Գնանք ներկայացում նայենք: Այ դա օգտակար կլիներ ոչ միայն մշակույթի նախարարի համար, այլ նաեւ ոլորտի, որպեսզի մարդիկ զգային, որ հասարակությունն արձագանքում է: Իսկ հայերեն լեզվի օգտագործման առումով…այսքան երկար խոսեցի հայերենով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև