Հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիքըն ռոք սին»-ին: Հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին. «Ինձ չեն հետաքրքրում նախագահի թեկնածուների կրոնական համոզմունքները (Միթ Ռոմնին մորմոն է), ինձ հետաքրքրում են նրանց քաղաքական հայացքները: Միթ Ռոմնին անընդհատ փոխում է իր քաղաքական հայացքները: Սկզբում նա աջակցում էր Մասաչուսեթսի առողջապահության ծրագրերին, հետո 360 աստիճանով փոխեց հայացքները (հավանաբար 180 աստիճան նկատի ունի.-խմբ) ու ասաց՝ ես դա այլևս չեմ սիրում, ես սխալ էի, ինչ մտածում էի՝ սխալ էր, ես հրաժարվում եմ դրանից: Նա բառացիորեն հայտարարեց, որ թքած ունի ԱՄՆ-ի 47%-ի վրա (վերջերս հրապարակված մի տեսանյութում Ռոմնին կոպիտ էր արտահայտվել Օբամայի ընտրողների հասցեին, որոնք կազմում են ԱՄՆ-ի 47%-ը, հավանաբար Թանկյանը դա նկատի ունի.-խմբ)»:
Թանկյանը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ավելի շատ կուսակցությունների կարիք ունի՝ նշելով, որ նույնիսկ ԽՍՀՄ-ում Կոմունիստական կուսակցությունը երկու ճամբար ուներ՝ լիբերալների և պահպանողականների, իսկ Ամերիկայի համար երկու կուսակցություն ունենալն այդքան էլ ժողովրդավարական չէ: