Այսօր Aravot.am-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալների այն պնդումները, թե Գյումրու բնակարանային շուկայում ճգնաժամ է. բոլորն իրենց տները զանգվածաբար հանել են վաճառքի, սակայն գնորդներ ընդհանրապես չկան: «Տեսեք ինչպես է. մենք մարզում մեկ օրում միջինը ունենք 130-140 դիմում, իսկ Գյումրի քաղաքում, եթե վերջին երեք տարին համեմատում ենք, կադաստրին դիմում է ներկայացրել 50-60-70 հոգի: Անցած տարի միջինը ունեցել ենք 70 դիմում, իսկ այսօր, ամեն օր մեր գրասենյակում մուտքագրվում է 70-80 դիմում: Այսինքն աճ կա, հիմա էս առուծա՞խ են, թե՞ նոր առաջացած գույքի գրանցում, քանի որ մենք մոնիթորինգ չենք անցկացնում, դա մենք չենք տեսնում: Նվազում կամ դադարում համոզված չեմ, որովհետև դատելով թերթերում տրվող հայտարարություններից` տեսնում ես, որ այսօր Գյումրիում վարձով տուն դժվար է գտնելը: Հիմա եթե ասում ենք՝ չկա, վարձով տուն ուզենք գտնել՝ չենք կարող: Հետո վարձով տների գները, որպես քաղաքացի նայում ենք` 30 հազար դրամից պակաս չկա: Բայց ես հիշում եմ, որ 4-5 տարի առաջ 5 հազարով էր հնարավոր ձեռք բերել:
Նույնն այդ առուծախի հետ կապված. այսօր նույն Անի թաղամասում 3 սենյականոց բնակարանը 20 հազար դոլարից պակաս չէ: Եթե չկա գնորդ, եթե շուկան կանգնած է, որպես քաղաքացի եմ ես ասում՝ ոչ թե կադաստրի ղեկավար, թող գները իջներ:
Կամ նույն պատկերն է նորակառույց Մուշ 2 թաղամասում. սկզբնական շրջանում ասում էին՝ բնակարանները 7-8 հազար դոլարի կարգի է, բայց հիմա երևի թե հնարավոր չէ գտնել: Իսկ սա նշանակում է այդքան էլ վատ վիճակում չէ շուկան», -պարզաբանեց պաշտոնյան:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ