Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգված Մարիամ Գեւորգանի գործով դատավորը կողմնակա՞լ է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2012 19:30

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն էր` սկեսուրի կողմից դաժանորեն ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի հայցով: Մինչ դատական նիստն էր ընթանում, 2 կողմերի հարազատները պաստառներով հավաքվել էին դատարանի շենքի առջեւ: Այս անգամ դատարանի բակում, ի տարբերություն նախորդ հավաքների, չհնչեցին` «Տո, ոչխար», «գետինը մտնես» եւ մի շարք նմանատիպ խոսքեր: Կողմերի հարազատները խաղաղ կանգնած էին դատարանի շենքի առջեւ եւ բավարարվեցին ընդամենն իրար թարս-թարս նայելով:

Մարիամ Գեւորգյանի համագյուղացիները` տափերականցիները, մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց բերքն ու բաղը թողել եւ եկել են ժամերով դատարանի առջեւ կանգնել են, որպեսզի աջակցեն Մարիամին. «Էդ աղջիկը հրեշտակի նման աղջիկ էր, ազնիվ ու բարի, մի կուկլա, մենք չենք թողնի, որ նրա բարի համբավը սկեսուրի կողմը վարկաբեկի»:

Հիշեցնենք, որ Մարիամ Գեւորգյանը սկեսուրին` Հայկանուշ Միքայելյանին մեղադրում է, որ սկեսուրն իրեն արդուկ այրել է, պատառաքաղով ծակծկել է, արդուկով կրծքերն ու մեջքը այրել, ու ստիպել ուտել իր հետ տված մաղձը:

Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կրկին դժգոհություններ են ներկայացրել ՀՀ նախագահին, արսարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին եւ արդարադատության խորհրդին, այն կապակցությամբ, որ դատավորն իր գործողություններով անհավասար դատավարական կագավիճակ է ստեղծում տուժող կողմի եւ մյուս կողմերի միջեւ. «Մասնավորապես ինձ արգելվում է այնպիսի հարցեր տալ դատարան հրավիրված վկային կամ փորձագետին, որն ինձ անհրաժեշտ է տուժողի շահերի պաշտպանությունն իրականացնելու համար, իսկ դատավարության մյուս կողմը կարող է տալ որեւիցէ հարց եւ դատարանի կողմից չհանվի եւ թույլատրվի պատասխանել»:

Aravot.am-ը փորձեց զրուցել մեղադրվող կողմի` Հայկանուշ Միքայելյանի հարազատների հետ, որոնք դատարանի շենքի առջեւ էին, սակայն նրանք հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել` պատճառաբանելով, իբր թե մենք նյութում իրենց խոսքերը չենք ներառում: Մինչեռ Aravot.am-ը ներկայացրել է նաեւ մեղադրյալի որդու` Դավիդ Զիրոյանի տեսակետը:

Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն ինչպես միշտ, այս անգամ էլ ակցիա էին կազմակերպել դատարանի շենքի մոտ` ի պաշտպանություն Մարիամ Գեւորգյանի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930