Լրահոս
Օրվա լրահոսը

Pastinfo.am. Մատչելի իրավական տեղեկատվության նոր մշակույթ

Սեպտեմբեր 26,2012 19:16

Սեպտեմբերի 26-ին «Կոնգրես» հյուրանոցի Շքասրահում տեղի ունեցավ «Pastinfo.am» իրավական, վերլուծական, տեղեկատվական կայքի շնորհանդեսը: Այն գործարկվել է օգոստոսից` Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախաձեռնած ծրագրի շրջանակներում` գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գործակալության աջակցությամբ:

Ինչպես նշեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Տաթևիկ Փիրումյանը, ասոցիացիան արդեն շուրջ հինգ տարի իրականացնում է բազմաթիվ ծրագրեր իրավական ոլորտում` ուղղված հանրային իրավագիտակցության բարձրացմանը: Այս տարվա ապրիլից մեկնարկել է նաև իրազեկման ծրագիրը, որի նպատակն է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ ընդլայնել հասարակության իրավագիտակցությունը, նաև դատական ակտերի, օրենսդրության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը: Ծրագրի շրջանակներում ստեղծվեց «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, իսկ օգոստոսի վերջին հասանելի դարձավ www.pastinfo.am կայքը:

«Մատչելի իրավական տեղեկատվության ապահովման հասարակական պատվերը Հայաստանում լիարժեք չի իրականացվել: Անցած 10-15 տարիներին առանձին լրատվամիջոցներ, գիտակցելով խնդրի կարևորությունը, հատուկ ուշադրություն են դարձրել դատաիրավական թեմաներին, սակայն այնպիսի լրատվամիջոց, որը կընդգրկեր իրավական բարդ ու բազմաշերտ համակարգն իր բոլոր ուղղություններով և հանրությանը ոչ միայն կտեղեկացներ, այլև իրավական գիտելիքներ կհաղորդեր, մինչ օրս չկար»,-ասաց «Pastinfo.am» կայքի գլխավոր խմբագիր Սասուն Մամյանը` ընդգծելով, որ կայքը իրավական դաշտում առկա այս բացը լրացնելու առաքելությամբ է մտել մամուլի աշխարհ:

«Փաստինֆո» տեղեկատվական հարթակի գործունեության գերակա ուղղությունը իրավական տեղեկատվության հավաքումն է, պատրաստումն ու տարածումը:

««Փաստինֆո» տեղեկատվական գործակալությունը դատաիրավական ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն է պատրաստում ու տարածում հայաստանյան յոթ տասնյակից ավելի կայքերին, տպագիր մամուլին, հեռուստաընկերություններին: Այս ձևաչափով տեղեկատվության պատրաստումը պահանջված է հասարակության կողմից, իսկ կայքն արդեն լրացնելու է գործակալության գործունեությունը»,- ասաց Ս. Մամյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ողջունելով նոր կայքի մուտքը լրատվական դաշտ, հույս հայտնեց, որ «Pastinfo.am»-ի աշխատակազմը կլինի անկողմնակալ, մասնագիտական, հասարակության նկատմամբ հարգանք ունեցող, օրենքով աշխատող թիմ:

«Ես շատ հույս ունեմ, որ բացի իրավական այլ խնդիրներից, կայքը մեծ տեղ կտա նաև ժուռնալիստների իրավունքների խախտման դեպքերին, և մենք կհամագործակցենք այդ ոլորտում»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանի գնահատմամբ, «իսկապես լավ նախաձեռնություն է»: Նա կարևորեց, որ կայքում ոչ միայն ուղղակի ներկայացված են օրենսդրական ակտերը, այլ նաև տրված են դրանց մեկնաբանությունները:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ կայքն իր տեսակի մեջ առանձնանում է թե մասնագիտական և թե նյութերի մատուցման առումով: «Համոզված եղեք, որ ոստիկանությունը մեծ ուրախությամբ կհամագործակցի կայքի հետ»,- նշեց նա:

Շնորհանդեսին ներկա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ևս համագործակցության պատրաստակամություն հայտնեցին` հաջողություններ մաղթելով նորաստեղծ լրատվամիջոցին:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930