Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հենց բացեցի լսարանի դուռը, մոտս ցանկություն առաջացավ փակել ու վերադառնալ գյուղ». Գյուղացի ուսանողի խնդիրը Երեւանում

Սեպտեմբեր 26,2012 19:10

Մերի Խաչատրյանը ապագա լրագրող է: Սովորում է Մանկավարժական համալսրանի Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսում: Երևան է եկել Մարտունի գյուղից: Մեկ նպատակ ունի` դառնալ լավ լրագրող: Երևան գալուց առաջ շատ է մտածել` ինչպե՞ս է այստեղ ապրելու: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում, մինչ համալսարան ընդունվելս , 2 անգամ էի եղել Երևանում: Շատ էի վախենում: Առանց ծնողների չէի պատկերացնում ինձ: Ցանկանում էի, որ գա մի օր, երբ քայլեմ Երևանով ու հասկանամ` որտե՞ղ եմ գտնվում»: Երբ նոր էր եկել Երևան, ամեն ինչ չէր, որ պարզ էր Մերիի համար: Հիշում է մի դեպք. «Առաջին անգամ հայրիկիս հետ նստել էի երթուղային տաքսի: Հետևիցս մի կին 1000 դրամ տվեց: Չէի հասկանում` ի՞նչ է ուզում: 1000 դրամը ձեռքս այս ու այն կողմ էի նայում: Հետո հայրս հուշեց, որ պետք է վարորդին տամ»: Շատ է տպավորվել այն օրը, երբ առաջին անգամ տեսավ համակուրսեցիներին. «Հենց բացեցի լսարանի դուռը, մոտս ցանկություն առաջացավ փակել ու վերադառնալ գյուղ: Օրերի ընթացքում այդ ցանկությունս անհետացավ»: Մերին դեռ լիովին չի կարողացել ընտելանալ քաղաքի կյանքին. «Ինձ ուղղակի սպանումա էս քաղաքի աղմուկը: Էս քաղաքում ամեն ինչ քար է: Կանաչը բացակայում է: Քայլում ես փողոցով` շուրջդ միայն շենքեր են»:
Քաղաքում ապրող մարդկանց մեջ, կարծում է, պակասում է անկեղծությունը: «Մի օր պատուհանից նայում էի, թե ինչպես են խաղում երեխաները: Տոպրակներով «հոլիկ» (տնակ) էին սարքում: Հիշեցի , թե ինչպես էինք մենք սարքում գյուղում: Ուզում էի իջնել ներքը ու ասել` երեխեք, էդ տենց չեն սարքում: Այստեղ գնացել տոպրակներ էին առել ու սարքում էին, գյուղի երեխաները երբեք գումար չէին տա տոպրակներին: Պատրաստում են ծառերի ճյուղերից, տերևներից, խոտերից: Անգամ քաղաքում պատրաստած «հոլիկի» մեջ անկեղծություն չկա»,- ասում է նա: Բնակվում է վարձով տանը, բողոքում է, որ միշտ չէ, որ ծնողները հասցնում են գումարներ ուղարկել. «Ես բացի տան վարձը տալուց, պետք է վճարեմ կոմունալ ծախսերը, սնունդ առնեմ, իսկ ճանապարհածախսի մասին էլ չեմ խոսում: Պետք է նորմալ պայմաններով հանրակացարան լինի, որ ես և գյուղից քաղաք եկած ուսանողները կարողանանք ապրել այստեղ: Եւ բացի այդ, ոչ բոլորը կարող են իրենց տույլ տալ բնակարան վարձել»,- ասում է Մերին:
Մերին երազում է ունենալ աշխատանք և Երևանում իր բնակարանը, որտեղ կապրի իր ընտանիքի հետ:  Ցանկանում է, որ չլինի գյուղացի-քաղաքացի տարբերությունը. «Բոլորն ասում են, որ կապ չունի գյուղից ես թե քաղաքից, կարևորը մարդս մարդ լինի, բայց ամեն քայլափոխին զգացնել են տալիս այդ տարբերությունը և ստիպում, որ ամաչես, որ գյուղից ես»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930