Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ում զարմացած են, ինչո՞ւ է «Սիվիլիթաս»-ի տնօրինությունը կոծկում Օսկանյանի հանցագործությունը

Սեպտեմբեր 26,2012 18:43

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու պահանջով սկսված դատավարությունն էր: «Մենք բողոքարկել ենք , մեր կարծիքով, առեւերեւույթ անհիմն որոշում ՝ նկատի ունենալով, որ դրանում բերված ձեւակերպումները վնասում են «Սիվիլիթասի» օրենքով պաշտպանվող իրավունքներն ու շահերը, եւ տպավորություն է ստեղծվում, որ հիմնադրամը ներգրավված է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների ծախսման հետ: Գտնում ենք՝ ոտնահարվել է հիմնադրամի հեղինակությունը, եւ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այսինքն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175 եւ 176 հոդվածի այն պահանջը, որ քրեական գործ հարուցելու հիմք է ծառայում հանցագործության կատարման տվյալների առկայությունը, որոնք քննարկվող պարագայում բացակայում են: Խնդրում եմ բողոքը բավարարել ու բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը »,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ այս տարվա հունիսի 21-ին բողոքարկել են քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու դատախազի որոշումը, բայց դատախազի որոշմամբ, հիմնադրամի ներկայացուցչի բողոքը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը քրեական գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում քրեական գործ հարուցելու որոշում՝ վկայի կամ նրա ներկայացուցչի կողմից բողոքարկելու հնարավորություն:

Դատախազը նաեւ գտել է, որ բողոքարկված որոշմամբ տնօրենի կամ հիմնադրամի որեւէ իրավունք չի սահմանափակվել:

Դատախազի որոշումը բողոքարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մերժվել:

Պարոն Գրիգորյանը, սակայն, գտնում է, որ դատարանների պարտականությունն է վերացնել քրեական գործ հարուցելու ցանկացած որոշում, որը ահիմն է առերեւույթ:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն էլ նկատեց, որ նախաքննական մարմինը իր որեւէ գործողությամբ կասկածի տակ չի առել հիմնադրամի հեղինակությունը, գործունեության թափանցիկությունը եւ նույնիսկ ավելին. «Այսօր նախաքննությամբ պարզվել է, որ մեր գործողությունների ընթացքում պաշտպանվել են հիմնադրամի շահերը, եւ, դրա հետեւանքով, բացահայտվել է հիմնադրամի շահերին վնաս պատճառելու փաստը»: Ըստ նրա, քրեական գործով պարզված տվյալներով, հիմնադրամին նվիրաբերված մոտ $ 1 ,5 միլիոն-ը հիմնադրամի նախկին նախագահ Վարդան Օսկանյանի կողմից պահվել է ու հիմնադրամին չի փոխանցվել առանց իրավական հիմքի: Ըստ նրա, այդ գումարը չի մուտքագրվել հիմնադրամի հաշվեկշիռ , չի գրանցվել ֆինանսական փաստաթղթերում ու հաշվետվություններում. «Հիմնադրամը զրկված է եղել գումարից, որը պետք է տնօրիներ կանոնադրական նպատակներով»:

ԱԱԾ ներկայացուցիչը պնդեց, որ պարոն Օսկանյանը, գումարը չի փոխանցել հիմնադրամի հաշվեկշիռ, անգամ, երբ դուրս է եկել հիմնադրամի կազմից ու դադարեցրել է հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները եւ գումարը պահել է անձնական հաշվեհամարում: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն ասաց, որ զարմացած է, թե ինչու է հիմնադրամի տնօրինությունը բողոքարկում քրեական գործ հարուցելու որոշումը, երբ ճիշտ հակառակը, պետք է գոհունակություն հայտներ, որ նախաքննական մարմինը բարեխղճորեն բացահայտել է հիմնադրամին պատկանող գումարը:

Նա առաջարկեց դատարանին ուժի մեջ թողնել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Դատական վճիռը վերաքննիչ քրեական դատարանը կներկայացնի վաղը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930