Այսօր ԱԺ-ում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բառացիորեն կորցրեց ինքնատիրապետումը, երբ բյուջեի հաշվետվությունը ներկայացնելուց հետո Henaran.am-ի լրագրողը նրան փորձեց հարց տալ: Լրագրողը հետաքրքրվում էր նախարարից այն մասին, որ այս տարի ոլորտում դրական զարգացումներն իր արդյունավետ աշխատանքի՞, թե Աստծո բարեհաճության շնորհիվ են արձանագրվել (հարցն ավելի մանրամասն՝ այստեղ):
Նախարարն ափերից դուրս եկավ, ուղղակի խլեց լրագրողի ձեռքից ձայնագրիչը, հորդորեց, որ անջատի այն ու բարկությունից ցնցվեց՝ ասելով. «Քե՜զ պիտի աղոթեն, քե՜զ, մի քիչ դարձի գաս, հայ քրիստոնյա դառնաս»:
Aravot.am-ի հարցին՝ պատգամավորներն իրենց սուր հարցերով Ձեզ այդքան չբարկացրեցի՞ն, ինչքան լրագրողները՝ նախարարը բարկությունից պարզապես դողալով պատասխանեց. «Աստծո բարեհաճություն, եկեղեցի…ախր եկեղեցին ի՞նչ կապ ունի, որ ամեն անգամ էդ աղջիկը կրկնում է: Դրա համար էլ այդպես արեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ