Aravot.am-ը շարունակում է հետևել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում գումարված տարեկան ժողովին: Ժողովի ընթացքում հանդես են գալիս տարբեր երկրների նախագահներ, օրինակ՝ Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բենինի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի: Ելույթով հանդես եկավ նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նա ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով ժողովրդավարության մասին՝ անդրադարձավ վերջին օրերին Վրաստանում ծավալված սկանդալին: Այն վերաբերում է Գլդանի բանտում ազատազրկվածների նկատմամբ կիրառված կտտանքներին: Վրաստանի նախագահն այս կապակցությամբ հայտարարեց. «Այն, ինչ կատարվեց Վրաստանում, մաս է կազմում համաշխարհային այն հռետորական հարցի՝ արդյոք ժողովրդավարության փնտրտուքները դեռ պե՞տք է շարունակվեն, թե ոչ: Այնուամենայնիվ, Վրաստանը շարունակում է մնալ բաց հասարակություն,և վրաց ժողովուրդը հոկտեմբերի 1-ին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին՝ վերահաստատելով այն փաստը, որ վրաց հասարակությունն ունի իր առաջնորդներին ընտրելու իրավունք և ազատ է իր ընտրության մեջ»:
Սաակաշվիլին անդրադարձավ նաև Վրաստանի համար խնդրահարույց հարցի՝ Հարավային Օսեթիայի խնդրին՝ կրկին մեղադրանքներ ներկայացնելով Ռուսաստանի հասցեին: Սաակաշվիլին հայտարարեց. «Ռուսական զորքերը շարունակում են ապօրինի ռազմական գործողությունները Հարավային Օսեթիայի տարածքում»:
Սաակաշվիլին «տարօրինակ» համարեց՝ վրացական ընտրությունների նախօրյակին Հարավային և Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի ռազմական գործողությունների իրականացումը:
Կարդացեք նաև
Իր ելույթի ավարտին Վրաստանի նախագահը չմոռացավ խոսել խորհրդային «մութ» ժամանակներում ծաղկում ապրող կոռուպցիայի, մարդասպանության և հիասթափության մասին և շեշտեց, որ երիտասարդ ժողովրդավարական Վրաստանի քաղաքացիները գտնվում են այդ ամենի հաղթահարման փուլում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ