«Տեղյա՞կ եք, որ դրամական փոխհատուցում են ստացել, կառավարության համապատասխան որոշմամբ, այդ իբր թալանված, իբր հրկիզված խանութների բոլոր տերերը: Իբր ընդդիմության կողմից այրված մեքենաների բոլոր սեփականատերերը»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Խոսքը 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց արդյունքում իբր թալանված եւ այրված խանութների ու մեքենաների մասին է: Նկատենք, որ այդ շարքում են «Երեւան Սիթի», «Գրանդ քենդի», «Ռոբերտո» եւ այլ խանութներ, որոնց սեփականատերերը հայտնի օլիգարխներ են:
«Դուք լսե՞լ եք, որ որեւէ տուժող, մինչ այժմ, որեւէ լումայի փոխհատուցում է ստացել: Դա ի՞նչ է նշանակում, խայտառակություն է ուղղակի: Մարդիկ ունենք՝ ծանրագույն վիրահատությունների են ենթարկվել, նաեւ՝ արտասահմանում: Եվ ոչ մեկին որեւէ կոպեկ փոխհատուցում չեն տվել: Չգիտես ինչու, մինչեւ վերջ փոխհատուցել են ինչ-որ խանութների, ջարդված փեղկերի, օղիների ու խմիչքների համար»,- ասաց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ