«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց խորհրդարանում «մարտի 1»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իր նախաձեռնության դրույթները: Ըստ բանախոսի՝ առաջարկվող հանձնաժողովն էականորեն տարբերվելու է նախորդ գումարման խորհրդարանում «մարտի 1»-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովից: Այն կոչվելու է «2008 թ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով, ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցն ուսումնասիրող» ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: «Սրանք նախ բովանդակային առումով տարբեր հանձնաժողովներ են: Այն հանձնաժողովի մեջ գրված էր 10 զոհվածների, սակայն «մարտի 1»-ի ժամանակ ոչ մեկը չի զոհվել, զոհվում են սահմանին, հայրենիքը պաշտպանելուց, սակայն մարտի մեկին խոսքը գնում է սպանվածների մասին»,- ասաց Ջհանգիրյանը` ներկայացնելով եւս մի քանի տարբերություններ:
Հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունն այսպես է պատճառաբանված նախագծում.
1. ՀՀ ԱԺ-ն նկատի ունենալով, որ մինչ օրս բացահայտված չեն Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին կատարված 10 սպանությունները, բացահայտված չէ նաեւ 100-ից ավելի անձանց հրազենային, գնդակային ու բեկորային եւ այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը.
2. Թեեւ սպանությունների ու մարմնական վնասվածներ հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցված ու կարճված չեն, սակայն, դրանցով որեւէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի արդյունքում սպանվածների իրավահաջորդները, մարմնական, այդ թվում ծանր, վնասվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիներ մինչեւ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում.
Կարդացեք նաև
3. Թե ԱԺ-ում ներկայացված, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակական լայն շերտերն ու միջազգային կառույցները շահագրգիռ են 2008 թ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները բացահայտելու, բոլոր մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու հարցում:
Իբրեւ հիմք, ներկայացվում է նաեւ ՀՀ նախագահի՝ ավելի քան մեկ տարի առաջ իրավապահներին տրված հանձնարարականները՝ մարտիմեկյան դեպքերը բացահայտելու վերաբերյալ, միջազգային կառույցների, մասնավորաբար, ԵՄ-ի եւ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերի չկատարումը: Նախատեսվում է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ԱԺ խմբակցություններից մեկական պատգամավորներ:
Նախկին զինդատախազը վստահ է, որ 10 սպանություններից մի քանիսը մի քանի օրում կարելի է բացահայտել՝ առանց որեւէ հանձնաժողովի ստեղծման, բայց քանի որ ՀԱԿ-ն այսօր գործադիրում ներկայացված չէ եւ չունի նման լիազորություններ ու հնարավորություններ, հետեւաբար, պետք է օգտագործեն առկա լծակները. «Իշխանություններն ամեն ինչ արել են՝ թաքցնելու համար այդ սպանությունները: Նրանց գործողությունները միտված են հանրությանը համոզելու, որ այդ հանցագործութունները չեն բացահայտվում: Մինչդեռ ես էլ ասում եմ, որ հազարավոր մարդկանց աչքի առաջ կատարված սպանություները չեն կարող չբացահայտվել: Լավ, քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքը չեն ուզում բացահայտեն, բա զինծառայողների՞նը ինչու չեն բացահայտում, դա էլ պատվի հարց պետք է լինի»:
Լրագրողների հարցերին ի պատասխան Ջհանգիրյանն ասաց, որ նախնական բանակցություններ ոչ մի խմբակցության հետ դեռ չի վարվել՝ նկատի ունենալով նաեւ այն, որ քաղաքական մեծամասնությունն էլ քանիցս հայտարարել է այդ դեպքերի բացահայտման առումով իր շահագրգռության մասին: Ամեն դեպքում, նախագծի պաշտոնական շրջանառության մեջ դնելուն զուգընթաց բանակցություններ կվարվեն. «Կարծում եմ, այս նախաձեռնությանը միացողներ պետք է որ լինեն, եթե քիչ լինեն կամ բացարձակ չլինեն, ինչին ես չեմ հավատում, ապա դա եվս գնահատական է մեր քաղաքական ուժերին: Նախօրոք Կիկոսի մահը չենք սարքի, կմտցնենք օրակարգ, կտեսնենք ինչ արձագանքներ են լինում, հետո նոր կասենք թե ի՞նչ ենք անելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ