Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլիներ թուրքի դավադիր կացինը, գուցե Գուրգեն Մարգարյանը ներկա լիներ հայոց բանակի սպայի համազգեստով (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2012 17:10

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ երթ` ի հիշատակ ադրբեջանցի մարդասպանի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի, ով այսօր կդառնար 34 տարեկան:

«Նա պետք է դառնար զինվոր եւ կանգներ հայրենիքի կողքին: Բայց  Գուրգենի ընտանիքը չգիտեր, որ  որդին  նման վախճան կունենա: 9 տարի առաջ թուրքը նորից մնաց թուրք: Չփոխվեց ոչինչ նրա կյանքում, անգամ` ձեռագիրը նրա. թուրքը վարվեց թուրքաբար: Այսօրվա սերնդի անունից ասում եմ, որ ամենայն սրտով բողոքում ենք մարդու անարդար վճռի համար, պարսավում ենք այն նենգին, ով ընտրել է պղծված ճամփան: Ատում ենք մարդկանց հոգիներին ծանրացած այն օրենքները, որոնց ստիպում են պղծել: Դիմում ենք Ադրբեջանին, ասելով`  որպեսզի կարողանաս արժանավայել պետություն լինել, պետք է բարեկիրթ սերունդ դաստիարակես»,-ելույթի խոսքում ասաց Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Դպրոցի սաներն ընթերցեցին բաց նամակ` ուղղված աշխարհի խաղաղասեր հանրությանը եւ կոչ արեցին չլռել անարդարության դեմ:

«Երիտասարդ երկրապահների միավորում» հ/կ  նախագահ Էդգար Բարսեղյանի խոսքով` եթե չլիներ դավադիր թուրքի դավադիր կացինը, գուցե Գուրգեն Մարգարյանը ներկա լիներ հայոց բանակի սպայի համազգեստով. «Մեր ժողովուրդը Գուգեն Մարգարյանին եռաբլուրում հանձնեց հողին, որովհետեւ նա էլ մեր ազատագրական պայքարի զոհերից է, եւ որովհետեւ մարտի դաշտում հայ զինվորից փախած թուրքը գիշերով` կացինը ձեռքին, մոտեցավ հայ զինվորին: Թուրքը երբեք չի համարձակվի մոտենալ արթուն հայ զինվորին, որովհետեւ Եռաբլուրի տղերքը` մեր ավագ երկրապահները, այնպիսի դաս են տվել նրանց, որ վախը ժառանգաբար է անցնում»:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի համոզմամբ`  հայ երիտասարդությունը համախմբվել է, որպեսզի ցույց տա, որ խնդիրը վաղեմության ժամկետներ չունի. «Այն խնդիրները, որոնք հարեւան Ադրբեջանն առաջ է քաշում մեր հանրապետության առջեւ, եւ այն վարքագիծը, որ տարիներ շարունակ այդ պետությունը ցույց է տվել ամբողջ աշխարհին, եւս մեկ անգամ ապացուցեց իր մարդկային տեսակը, որն իրականում դժվար է մարդկային համարել: Մեր ներկայությամբ փաստում ենք, որ այս խնդրում վճռական ենք լինելու: Ներքուստ ավելի քան համոզված ենք, որ քնած հայ մարդու նկատմամբ նման ձեւաչափի գործողության կատարողը պարզապես չի ապրելու: Բայց այսօր մենք հավաքվել ենք մարդասիրական նպատակներով` հայորդու մեծությունը ցույց տալու համար»:

Էնֆիաջյանը հավելեց, որ հետագա գործողություններում պետք է զգոնություն ցուցաբերել` հասկանալով, թե ինչ տրամադրվածություն է առկա Հայաստանի Հանրապետության եւ հայ սպայի նկատմամբ:

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ Գեւորգ Մելքոնյանն ասաց, որ մարդասպանին հերոսացնելու պարագայում միանգամայն հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ արցախցիները ոչ մի ընդհանրություն չունեն Ադրբեջանի հետ. «Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, մենք գիտենք դրա էությունը` սկսած 1915թ-ից: Ցեղասպանությունը եւ Հայկական Հարցը միջազգային հանրության ձեռքում ընդհամենը գործիքներ են` իրենց ձեռնտու քաղաքականությունն իրականացնելու համար: Պատմությունը հաստատում է, որ մենք պետք է համախմբված լինենք մեր բանակի շուրջը: Բանակն է պետության անվտանգության միակ երաշխիքը: Սաֆարովը սպանեց հայ զինվորին, որովհետեւ այսօր հակահայ քաղաքականություն իրականացնող պետությունների միակ մտահոգությունը մեր կայացած բանակն է»:

PrevPhoto
NextPhoto

Հավաքի ընթացքում ընբշամարտի վետերանների աշխարհի տասնակի չեմպիոն ժորա Հովհաննիսյանը Գուրգեն Մարգարյանի մորը հանձնեց այն ոսկե մեդալը, որը օրերս է նվաճել Հունգարիայում` եզրափակչում պարտության մատնելով թուրքին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930