Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. «Սննդամթերքի անվտանգության ծառայությունը մեզ հաշվետու չէ»

Սեպտեմբեր 26,2012 16:57

Այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ բավականին խոշոր ծրագիր են իրականացրել եւ մորեխների ու կրծողների դեմ են պայքարել:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ մենք թռչնամիս եւ ձու արտահանող երկիր ենք եղել, հիմա ներկրում ենք: Նա խնդրեց մեկնաբանել դրա էությունն ինչի՞ հետ է կապված, հիմա չե՞նք կարողանում բավարարել ներքին շուկան: Բացի այդ, նախարարը նշել էր, որ անասնագլխաքանակի աճ ունեն, ինչին Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Անզեն աչքով երեւում է, որ անասնաբուծության բնագավառում անկում ունենք: Ձեր տված աճը, կարծում եմ, վերանայման կարիք ունի»: Նա նշեց Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերը, որտեղ անասնաբուծությանը պետք է զարկ տալ, հակառակ դեպքում ունենում ենք դատարկ գյուղեր. «Մենք շփվում ենք ու տեսնում ենք, որ արտահոսք կա այդ գյուղերից: Այսօր ես զարմանում եմ, որ ներմուծված միսը կրկնակի անգամ էժան է, քան տեղականը: Մենք չենք նպաստում, ներմուծմանն ենք զարկ տալիս, պայմաններ չենք ստեղծում: Ես ողջունում եմ մորեխների, կրծողների դեմ պայքարում այդքան գումար ծախսելը, բայց մինչեւ մորեխների դեմ պայքարը գյուղը կդատարկվի»:

Նախարարը հաստատեց, որ անկում ունեցել ենք մինչեւ 2010-ը թռչնի համար: Նա հիշեց Նոր տարվա ձվի դեֆիցիտը. «Դրա պատճառն այն է, որ պատվաստումների ցանկից թռչունների պատվաստումը դուրս է եկել, դա բերեց թռչնամսի եւ ձվի դեֆիցիտի: Մենք լուրջ անելիքներ ունենք, թռչնամսի 50 տոկոսը մոտ ներկրում ենք, որովհետեւ չենք կարողանում շուկան ապահովել, ինքնաբավ չենք: Անասնապահության ոլորտի վերաբերյալ 0,1 տոկոս աճի վրա խնդրում եմ մի կասկածեք: 58 հազար գլուխ խոշորի եւ 62 հազար էլ մանրի ավելացում ունենք, այդ թվում՝ մոտ 30 հազար էլ կովերի գլաքանակի ավելացում: Այս տարի էլ միտում կա, որ նորից կավելանա: Տավարի մսի առումով ինքնաբավ ենք»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ «Ձեր թվերին նայելով այդքան՝ զարմանալի է, որ աճը 0.1 տոկոս է, պետք է ավելի շատ լիներ աճը: Դուք գիտեք, որ արտահանման եւ ներմուծման համար լուրջ խնդիր ունենք, բացասական սալդոն բավականին մեծ է: Բայց այսօր ունենք նաեւ լուրջ պոտենցիալ, որը կարող ենք խրախուսել: Այդ ծրագրերի մեջ նշված մարզերում իմ նշած, որոնք անասնաբուծական մարզեր են, կա՞ն ծրագրեր, որտեղ անասնապահության համար բանկերից մարդկանց առանց տոկոսների կամ չնչին տոկոսով վարկեր տրամադրեն՝ անասուններ ձեռք բերելու, կամ ստեղծվի յուրաքանչյուր մարզում սպանդանոցներ, մթերման կետեր, որպեսզի տնտեսվարողը խնդիր չունենա՝ այն հանձնելու»:

Նախարարը պատասխանեց, որ անցյալ տարի պետությունը 7.5 մլրդ դրամ է հատկացրել եւ գյուղացին վարկը ստանում է 8 տոկոսով: Սա մեծ աջակցություն է գյուղացուն: Այս տարի եւս այդ ծրագիրը շարունակվելու է: Ինչ վերաբերում է սպանդանոցներին՝ մենք, իհարկե, հանրապետությունում դեռեւս բավարար քանակով սպանդանոցներ չունենք, որը Եվրամիության ստանդարտներին չի համապատասխանում: Սա լուրջ խնդիր է: Նախագծեր են պատրաստ, եւ այն մարզերը, որտեղ անասնապահության լուրջ զարգացում ունեն, այնտեղ ստեղծվելու են 6 սպանդանոցներ: Այնպես որ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»: Հարցին՝ այդ 8 տոկոսանոց վարկերի մարումներին հետեւո՞ւմ եք, ժամկետանց չկա՞՝ նախարարը վստահեցրեց, որ ժամկետանց վարկեր չկան, մարդիկ պարտաճանաչ վճարում են:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախարարին ստիպեց, որ խոսի Սննդի անվտանգության տեսչությունից. «Որովհետեւ, այնուամենայնիվ, այս տեսչությունը ձեր նախարարության կազմում է»: Նախարարը պատասխանեց. «Պետական ծառայության հետ կապված չեմ ուզում շատ խոսել, ուղղակի ասեմ, որ այդ ծառայությունը մեզ հաշվետու չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930