Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկական մասնագիտություններին վերաբերող մասնագիտական ձեռնարկների շնորհանդես

Սեպտեմբեր 26,2012 16:49

Այսօր, Միավորված ազգերի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մասնագիտական կրթության, ուսուցման (ՄԿՈՒ) ծրագիրը ներկայացրեց երկու տարվա աշխատանքի արդյունքները, որն իրականացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ: Դրանք գյուղատնտեսության, զբոսաշրջության, գինեգործության, շինարարության, վերամշակման, թեթև արդյունաբերության, ի թիվս այլոց, մասնագիտական ձեռնարկներ են՝ համալրված համապատասխան դասախոսի ձեռնարկներով: Հայերեն լեզվով 12 ձեռնարկները համապատասխանում են մոդուլային ծրագրով նախատեսված գործնական եւ մասնագիտական դասավանդման համար՝ հիմք ընդունելով հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացումը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով մասնագիտական կրթությունը երկար տարիներ դիտվել է, որպես հանրակրթության եւ բարձրագույն կրթության կողքին, որպես խորթ զավակ, սակայն վերջին տարիների ընթացքում նախարարության կողմից որդեգրված քաղաքականության շրջանակում բազմաթիվ միջազգային գործընկերների ներգրավվածության շնորհիվ կարողացել ել այս ոլորտում արձանագրել շոշափելի եւ տեսանելի փոփոխություններ.

«Այս ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ Հայաստանում մի քանի տասնյակ մասնագիտական կրթության հաստատություններում իրականացվել են վերազննումներ եւ վերանորոգումներ: Վերապատրաստվել են հազարավոր մասնագետներ, ժամանակակից լաբորատորիաներով են ապահովվել ուսումնական հաստատությունները: Միջազգային գործընկերների շնորհիվ կարողացել ենք առավել մեծ ուշադրություն դարձնել կրթական, ուսումնական նյութերի ստեղծմանը»:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նշեց, որ  12 նոր ձեռնարկները՝ մշակված, համաձայն վերջերս վերանայված պետական որակավորման չափորոշիչների, ՄԿՈՒ ոլորտի ուսանողներին հնարավորություն կընձեռեն ավելի ճկուն լինել մասնագիտություն ընտրելիս՝ ըստ իրենց որակավորման եւ աշխատանքի փորձի.

«Նմանատիպ միջին մասնագիտական ուսուցումը թույլ է տալիս տարբեր տարիքի եւ մասնագիտություն ունեցող ուսանողներին զարգացնել ոչ միայն իրենց գիտելիքները, այլ նաեւ հարստացնել իրենց հմտությունները՝ համաձայն աշխատաշուկայի պահանջարկի: Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես է ՄԱԶԾ-ն փորձում բարելավել նախնական եւ միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում՝ դարձնելով այն առավել ճկուն եւ արձագանքող տեղական աշխատաշուկայի պահանջներին»:

Ձեռնարկները հիմնականում վերաբերում են տեխնիկական մասնագիտություններին, որոնք մեծ պահանջարկ ունեն ներկայիս աշխատաշուկայում եւ միտված են գործնական հմտությունների ձեռքբերմանը: Յուրաքանչյուր ձեռնարկ տպագրվել է 1000 օրինակով, որոնք կբաժանվեն համապատասխան ՄԿՈՒ հաստատությունների գրադարաններին՝ հարստացնելու եւ համալրելու առկա մասնագիտական գրականությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930