Լրահոս
Օրվա լրահոսը

Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ

Սեպտեմբեր 26,2012 16:05

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը:

Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:

Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի, Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին: Տնտեսվարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին և կնպաստի մենաշնորհային դրսևորումներին, մասնավորապես Երևանին մոտ խաղատան մենաշնորհի ձևավորմանը: Նրանք նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի հետևանքով նվազել են ներդրումների ծավալները:  Ոլորտի ներկայացուցիչները չեն կարողացել իրականացնել համապատասխան օրենքի պահանջը՝ ճգնաժամի պայմաններում ներդրումների համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները, հաշվի առնելով միջազգային փորձը, հանդես են եկել ոլորտը կանոնակարգող իրենց առաջարկություններով, այդ թվում բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման և խիստ կանոնների ներդրման վերաբերյալ:

Խորհրդակցության մասնակիցները խնդրել են կառավարությանը գտնել իրենց մտահոգող հարցերի լուծումները՝ հաշվի առնելով առկա մտահոգությունները:

«Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից  օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ ինքը դեմ է մենաշնորհի ձևավորմանը ցանկացած ոլորտում և առաջարկել խաղասրահների ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից և առկա ռիսկերից:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի արդեն իսկ ընդունված օրենքի կիրառումը: Իսկ այդ ընթացքում նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին կանդրադառնան այդ հարցին:

Խաղասրահների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներին հետամուտ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930