Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ բանակցային գործընթացի ստատուս քվոն ամրապնդվեց:
«Չեմ կարող բացատրել ինչ աստիճանով ամրացավ, բայց մոտ ապագայում դժվար թե բանակցային գործընթացում որեւէ զարգացումներ ունենանք: Կարելի է ասել, որ միգուցե հակամարտող կողմերի համար, տարբեր պատճառներով, դրական զարգացում է: Հայաստանի ու Ղարաբաղի համար այդ իրադարձությունը չափազանց անխոցելի փաստարկ ստեղծեց թե բանակցային գործընթացում, թե արտաքին դերակատարների հետ համագործակցության դեպքում՝ ներկայացնել այն տեսակետը, որ այս պահին արտահայտվում է Հայաստանի ու Ղարաբաղի հասարակության ներսում՝ ոչ մի փոխզիջում անվտանգության հաշվին, առանց ղարաբաղի կարգավիճակի հետ կապված տեսանելի առաջարկների »,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:
Նա դրական ու նպաստավոր է համարում Կարեն Միրզոյանին Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնում նշանակելը եւ համոզված է, որ Միրզոյանի նշանակումը կնպաստի, որ քաղաքական եւ քարոզչական դաշտում Լեռնային Ղարաբաղն ավելի տեսանելի դառնա:
Կարդացեք նաև
Պարոն Մինասյանը դեռ չի կարծում, թե մոտ ապագայում Ղարաբաղը եւս կընդգրկվի բանակցային գործընթաց. «Ղարաբաղին դա այդքան էլ պետք չէ: Մի իրավիճակում, երբ տասնամյակներ գնում են բանակցություններ՝ բանակցությունների համար, երբ խոսքը գնում է հնարավոր զիջումների մասին, եւ պարզ չէ՝ ինչի դիմաց: Չեմ կարծում՝ Լեռնային Ղարաբաղի համար բանակցային գործընթաց մտնելը այդքան էլ անհրաժեշտ կամ համար մեկ խնդիրն է : Գլխավոր խնդիրը եւ հիմա եւ մոտ ապագայում Ղարաբաղի համար մնալու է ֆիզիկական անվտանգության ապահովումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ