Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյանը՝ Կոմիտասյան համալիրի մասին. Այդ շենքը չի կառուցվելու

Սեպտեմբեր 26,2012 15:38

«Մենք թույլ չենք տա, ոչ մի շենք Կոմիտասի այգում չի կառուցվելու, մենք թույլ  չենք տա, որ լինի այդ խայտառակությունը»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը՝ նկատի ունենալով Կոմիտասի այգում կառուցվելիք  թանգարանն ու մշակույթի կենտրոնը։

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ զարմացավ, որ ինքը լինելով  քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի անդամ, տեղյակ չի եղել վերջին շրջանում բուռն քննարկումների առարկա դարձած այդ նախագծից, իրենց խորհրդի հետ ոչինչ չի քննարկվել ու խնդրի մասին իմացել է լրատվամիջոցներից։ «Ակնհայտ է, որ այգուց եւս մի պատառ է պոկվելու, պարզապես այստեղ շահարկվում է Կոմիտասի անունը»,- համոզված է տիկին Ադամյանը։

Կարինե Հակոբյանն էլ փաստում է պետության վերաբերմունքը գիտոււթյան հանդեպ. այն նվազ է ֆինանսավորվում, գիտնականներն ու թանգարանային աշխատողները 30-40 հազար դրամ աշխատավարձ են ստանում. «Գիտության զարգացումը շենքի հետ չի կապված, գիտությունը զարգացնում են գիտնականները»: Նա թվարկեց վերջին տարիների ընթացքում խանութների, բանկերի եւ զվարճանքի վայրերի վերածված մշակութային հաստատությունների շենքերի բազմաթիվ օրինակներ ու հավելեց, որ ներկայումս էլ կան կառույցներ, որոնք հսկայական տարածքներ ունեն՝ ինչպես Գեղագիտության ազգային կենտրոնը։

Բանախոսները շեշտեցին, որ մրցույթ չի անցկացվել, ընդամենը նախապատվությունը տրվել է Արթուր Մեսչյանի նախագծին։

«Այգին ունի իր սահմանումը՝ ծառ ու խոտ, այգին պետք է լինի այգի։ Մենք կողմ ենք թանգարանին, բայց յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում»,- կարծում է Կարինե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Կոմիտասի թանգարանի համար այլ տարածք կարելի է գտնել, համենայնդեպս՝ ոչ այգու հաշվին։

Կարինե Հակոբյանը շեշտում է. «Մենք պանթեոնում Կոմիտասի թանգարան ենք դնում՝ Կոմիտասից վերջնականապես հեռանալու համար, այն դեպքում, երբ Կոմիտասի երաժշտությունը հնչելիս դահլիճները կիսադատարկ են։ Ախր, Կոմիտաս լսելու համար պետք է կարողանաս բնությունը ընկալել, մոտ լինել բնությանը»: Հրապարակախոսի համոզմամբ՝ քաղաքապետարանը այգին պետք է մերձեցնի քաղաքի հետ՝ հանելով երկաթյա ցանկապատերը, իսկ մշակույթի նախարարությունը բարոյական պատասխանատվություն ունենա մեր՝ Կոմիտասից հեռանալու համար։

Ասուլիսին ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի օգնական Արբակ Վարդանյանը։ Նրա ներկայացրած փաստարկները չհամոզեցին լրագրողներին։ Նա չթաքցրեց, որ Կոմիտասյան համալիր կառուցելու դեպքում կօգտագործվի եւս 800 քմ  այն տարածքից, որտեղ տեղակայված է համալիրի մասնաշենքերից մեկը դարձող նախկին մշակույթի պալատը, չբացառելով, որ ծառեր կհատվեն։

Ի դեպ, շինարարության սեփականատերը «Հայաստան» հիմնադրամն է, միջոցներն էլ տրամադրվելու են «Փյունիկ» հիմնադրամի կողմից։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930