Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Պեպելյան. «Ես պարող երգչուհի չեմ»

Սեպտեմբեր 26,2012 15:32

Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգչուհի Քրիստինե Պեպելյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը:

«Երգիս հետ էր կապված վերնագիրը, որովհետեւ շնորհակալ լինելու զգացումը կարեւոր է, հնարավոր էր ապրել մի ամբողջ կյանք ու չհասկանալ շնորհակալ լինելու իմաստը: Շնորհակալ եմ իմ երկրպագուներին, հարազատներին ու մտերիմներին: Ժամանակի ընթացքում, եթե մարդը մտածող դառնա, դա մեծ ձեռք բերում կլինի իր համար»,- ասում է երգչուհին: Նրա խոսքով՝ հնչելու են ոչ միայն սիրված այլև նոր 5 երգեր, նախատեսված է 22 կատարում, տրամադրությունը, լիցքերը, պատրաստվածությունն ու այս շրջանում անհամբերությունը երգչուհու մոտ անտանելի են դարձել, նա ժամերն է հաշվում հանդիպման համար. «Երկխոսություններ կլինեն իմ եւ հանդիսատեսի միջեւ, չնայած նրան, որ միայն ես եմ խոսելու»:

Ուկրաինայից հրավիրված բեմադրող ռեժիսոր Ալեքսեյ Խետչիկովը նշեց, որ համերգի ընթացքում կընդգծվի ամեն ինչ, կլինեն հետաքրքիր մատուցման ձեւեր. «Ես սիրահարվեցի Քրիստինեի ստեղծագործական գործունեությանը, որոշեցինք համագործակցել եւ ամեն երգի հետ ստեղծել փոքր, մտածված բեմադրություններ»:

Քրիստինե Պեպելյանի համոզմամբ, նա իր գործունեության ընթացքում բախտ է ունեցել երգել սիրված ու ճանաչված մարդկանց հետ, սակայն համերգի ընթացքում շատ չեն լինի դուետները, որովհետեւ կստացվեր «Քրիստինե Պեպելյան եւ ընկերներ», հետեւաբար սոլո երգերը կտուժեին: Կհնչեն դուետներ Արման Հովհաննիսյանի, Մարտին Մկրտչյանի եւ անակնկալ դուետ, որի պրեմիերան բեմում կկայանա, արտիստը շատ սիրելի ու սպասված է, ժանրային առումով էլ հետաքրքիր գործ կլինի, քանի որ երկուսն էլ իրենց ժանրից դուրս են երգելու: Երգչուհին հակված է նրան, որ համերգի ընթացքում հնչեն սիրված կատարումներ, որովհետեւ սրահում գտնվող մարդիկ հնարավորություն կունենան նրա հետ զուգահեռ երգել: Սիրված երգերից առանձնացրեց երեքը՝ «Հրաժեշտը», որով մարդիկ հիշեցին ու ճանաչեցին նրան, «Մայրիկը», որը ճակատագրական էր ու լավագույններից մեկը եւ «Շնորհակալ եմ» երգը, որը խորը, գեղեցիկ ու բովանդակալից էր.

«Օգոստոսի սկզբից ամեն օր առանց հանգստի աշխատել ենք: Ոգեւորված եմ ու շատ ուրախ: Բեմադրության մեջ պարեր կլինեն, բայց ես պարող երգչուհի չեմ՝ ընտանեկան միջավայրում սիրով, բայց բեմում շատ չեմ շարժվում, երգերս դանդաղ են ու պարելու հնարավորություն չեն տալիս»:

Aravot.am-ի հարցին, թե ինչ արձագանքի է սպասում հանդիսատեսից, երգչուհին պատասխանեց. «Այն լիցքերը, որ ես պատրաստվում եմ նրանց տալ, կցանկանամ, որ նրանց կողմից ինձ էլ փոխանցվի: Կուզենամ լինել ուժեղ, հավաքված ու հոգեբանորեն հանգիստ: Հանդիսատեսը շատ բան կարող է տալ, ակնկալում եմ, որ նա կերգի ինձ հետ եւ կունենա հիշողություններ, պատմություններ իմ երգի հետ կապված: Ուզում եմ, որ իմ եւ հանդիսատեսի հետ կապը բաց լինի: Աշխարհում չկա մի որեւէ այլ աշխատանք, որը ինձ ուրախ կդարձներ, եթե դու չունես ասելու բան, ուրեմն գնալու ժամանակն է, իսկ ես շատ ասելիք ունեմ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930