Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես է «Վիզկոնը» կաշառել քաղաքապետարանին եւ դատավորներին

Սեպտեմբեր 26,2012 15:26

«Վիզկոն» ընկերության հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնն այսօր մեկ անգամ եւս հայտարարեց, որ մի քանի հարյուր հազար դոլար կաշառք է տվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքապետարանի ԾԻԳ-ի նախկին տնօրեն Կարեն Դավթյանին, որպեսզի գերակա հանրային շահ ճանաչված Բուզանդի 13, 15, 17, 19, 21 հասցեներում կառուցապատման իրավունք ստանա:

Այսօր Պավել Անդերսոնը բնակվում է ԱՄՆ-ում եւ «Նոյյան տապան» մամուլի ակումբում «սկայփի» միջոցով զրուցեց լրագրողների հետ:

Պարոն Անդերսոնի ներկայացմամբ, այդ գումարն ինքն անմիջապես առձեռն չի տվել Երվանդ Զախարյանին, այլ փոխանցել է Սիմոն Աղազարյանին, ում միջոցով էլ քաղաքապետարանի պաշտոնյաներին է փոխանցվել գումարը: Ըստ Պավել Անդերսոնի. «…Թակարդը հյուսել էին Սիմոն Աղազարյանը և մի այլ ինվեստոր-կառուցապատող Գագիկ Պապոյանը՝ պետական իշխանավորների հետ միասին: Նրանք իրար մեջ գաղտնի առքուվաճառքներ էին իրականացրել, իսկ ինձ՝ հավաստիացրել, թե իբրև իմ «Վիզկոն» ընկերությանը իրականում իրավունքներ են տրամադրել: Ես Սիմոն Աղազարյանին միայն իրացման և ապագայում կառուցապատում իրականացնելու պայմանով խոշոր գումարներ եմ փոխանցել: Սակայն պարոն Աղազարյանը գումարների մեկ մասը վճարել է պետական պաշտոնատար անձանց և ամրապնդել նրանց հետ իր մտերմական կապերը: Պարոնայք Աղազարյանը, Պապոյանը և պետական իշխանավորներն ինձ դիտում էին որպես իրենց հանցագործությունների կատարման ֆինանսավորման աղբյուր:

Ես գնում էի դատարան և ականատես լինում Հայաստանի պետական իշխանավորների և ժողովրդի միջև տեղի ունեցող պատերազմին: Ես պետք է պաշտպանեի իշխանավորների շահերը: Իշխանավորների հաղթանակն ապահովում էին դատավորները: Նրանց կաշառքներ բաժանելով, 2006 թվականին Սիմոն Աղազարյանը տարածքն ազատել էր սեփականության և/կամ օգտագործման իրավունքներից: Մնացել էր Երևանի պետական համալսարանի աշխատակից Յուրի Վարդանյան անվամբ մի քաղաքացի: Վերջինն ակնհայտ անօրեն ճանապարհով ստացել էր մոտ 1200 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի և նրա վրա տեղակայված շինության սեփականության վկայական: Հայաստանը պետք է Յուրի Վարդանյանին վճարեր մեկ միլիոն ԱՄՆ դոլարից ավելի փոխհատուցում:

«Վիզկոն» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի անունից բողոքարկել է վերաքննիչ դատարանի վճիռը: Վճռաբեկ դատարանը հորինված հիմքերով հինգ անգամ հետաձգել է բողոքի քննությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, այժմ՝ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ինձ կանչել է իր գրասենյակ: Նա ասել է, որ տեղյակ է դատավորներին վճարված կաշառքների և վճռաբեկ բողոքը բավարարելու համար իմ կողմից վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանին 200 հազար ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու մասին: Արմեն Գևորգյանն ինձ հասկացրել է, որ տեղյակ է իմ անձնական կյանքի խնդիրներին: Նա պահանջել կամ հրամայել է մինչև վճռաբեկ դատարանի հերթական նիստը Համահայկական հիմնադրամին վճարել 100 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի մեր վճռաբեկ բողոքը բավարարվի, Երևանի քաղաքապետարանը չդադարեցնի «Վիզկոն» ընկերության հետ կնքված պայմանագիրը, և ես խուսափեմ քրեական հետապնդումից: 2006թ. հուլիսի 20-ից մինչև 25-ը ես Համահայկական հիմնադրամին վճարել եմ 100 հազար ԱՄՆ դոլար և Արմեն Գևորգյանի պահանջով նրան ներկայացրել վճարումների փաստաթղթերը: 2006թ. հուլիսի 28-ին վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը և դատական գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր կազմով քննելու համար:

Կարճ ժամկետում վերաքննիչ դատարանը հաստատել է դատավոր Մարտիրոսյանի վճիռը:

Ապագայում վճռաբեկ դատարանը մերժել է Յուրի Վարդանյանի բողոքը:

Հայաստանի պետական իշխանավորները խաբել են հանրությանը և ինձ՝ Երևանի Կենտրոն համայնքի մեկ մասը «պետական գերակա շահ» հայտարարելով: Իրականում իշխանավորներն այդ տարածքներն օգտագործել են անձնական շահ ստանալու համար: Մասնավորապես՝ անձնական շահ են հետապնդել և/կամ ստացել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բազմաթիվ դատավորներ, ոստիկաններ, արդարադատության նախարարության և հարկային մարմինների աշխատակիցներ և այլն:

Ընթացքում Հայաստանի պետական իշխանավորներն իրավատեր քաղաքացիների մեկ մասից անարդար ձևով խլել են նրանց անշարժ գույքը: Մյուս մասի գույքին տիրացել են «շուտով բնակարաններ տրամադրելու» կեղծ խոստումներով…»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930