Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը կանցկացվի «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիսը: Այն նվիված կլինի հայ կինոյի մեծ երախտավորի՝ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասաց, որ ֆիլմերի մեծ մասն առնչություն կունենա կինոյի վարպետի հետ:
Ըստ Գևորգյանի՝ շատերն են լսել Համո Բեկնազարյանի անունը, սակայն քչերն են տեղյակ հայ կինոյի զարգացման պատմության մեջ նրա ունեցած դերի մասին. «Ունի 18 ֆիլմ, որից մի քանիսն են հայտնի՝ «Շորշոր», «Նամուս», «Պեպո»: Մենք Մոսկվայի ու այլ վայրերի արխիվներից հանել ենք բոլոր ֆիլմերը, ու դրանք ներկայում թվայնացվում են»:
Ռեժիսորի ֆիլմերը կցուցադրվեն նաև Կարապի լճի մոտակայքում` մեծ էկրաններով, ու ինչպես տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը` բացօթյա ցուցադրությունների ժամանակ կցուցադրվեն հիմնականում երաժշտական ֆիլմեր՝ «Անուշ», «Ալմաստ», «Կարինե», «Արշակ Երկրորդ»:
Բացի Բեկնազարյանից՝ այս տարի հարգանքի տուրք կմատուցվի նաև հայ կինոյի պատմության մեջ անուրանալի ավանդ ունեցած Ֆրունզե Դովլաթյանի, Ժիրայր Ավետիսյանի, Լաերտ Վաղարշյանի հիշատակին:
Կարդացեք նաև
Ազգային կինոյի ամսվա ընթացքում ցուցադրվող բոլոր ֆիլմերի մուտքն անվճար է: Դրանք հնարավոր է դիտել «Նարեկացի» արվեստի միությունում, «Նաիրի» կինոթատրոնում և հայաստանյան 4 բուհերում:
«Կինոաշուն-2012»-ը կանցկացվի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ