Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյան. «Գինը ոչ թե ՀՀ նախագահը պիտի թելադրի, այլ` շուկան» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2012 15:07

«Ես տարիներ շարունակ ասում եմ` գյուղերում ուժեղ բեւեռացումներ  են գնում, եկած միջոցներն ավելի շատ ծառայել են որոշ օլիգարխների հարստացմանը եւ այսօր նրանք դարձել են ֆեոդալներ, իսկ հանրապետության գյուղացիների հիմնական մասն աղքատ է եւ գյուղատնտեսության ոլորտում գյուղացին ոչ մի առաջընթաց չի տեսնում ու ստիպված` տնով-տեղով արտագաղթում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» գյուղացիական հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպված «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը «Հրայր Մարուխյան» հիմնադրամի նախաձեռնությամբ էր, ներկայացվեց գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, մանկավարժական ոլորտների ռազմավարությունը:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանի խոսքերով, այսօր մեր երկրում տարվող գնային քաղաքականությունը գյուղոլորտում՝ «աբսուրդ» է, քանի որ, ըստ նախկին պաշտոնյայի` գինը ոչ թե շուկան է թելադրում, այլ` հանրապետության նախագահը, որը վերջերս մթերող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հրահանգեց խաղողը, ասենք` 130 դրամից էժան չմթերել: Ըստ նրա՝ «կոոպերատիվները գյուղատնտեսության զարգացման մայրուղին են», եւ պարոն Ավետիսյանը գտնում է, որ կոոպերատիվները պետք է ձեւավորել ոչ թե աղքատ գյուղացիներից, այլ` արդեն կանգուն բիզնես ունեցող ֆերմերներից:

Նախկին պաշտոնյայի ելույթը լսելուց հետո Սարգիս  Սեդրակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար զարմանալի է, որ Սամվել Ավետիսյանը փոխնախարար ժամանակ երբեք չի անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում տարվող սխալ քաղաքականությանը եւ այսօր հանկարծ հիշել է»: Պարոն Սեդրակյանի զրույցի մանրամասները` տեսանյութում.

Համաժողովի մասնակիցներն, անդրադառնալով հանքարդյունաբերությանը, կարծիք հայտնեցին, որ նախ՝ պետք է միջազգային չափանիշները տեղայնացնել եւ հանքարդյունաբերության հիմնական գերակայություն դարձնել պաշարների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը:

Միջոցառմանը ներկա ոչ մետաղական հանքշահագործողներից մեկը դժգոհեց, որ մշակված ռազմավարության մեջ ներառված չէ ոչ մետաղական հանքավայրերի մասին. «Մենք ունենք պերլիտի հանք, որը չենք օգտագործում: 1,8 միլիոն դոլարով վաճառել ենք ամերիկացիներին: Իսկ նրանք փակել են, չեն օգտագործում, որ միջազգային շուկա չգնա»: Ի պատասխան՝ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ ոչ մետաղական հանքերի ռեսուրսների մասին անդրադարձել են, պարզապես` հակիրճ բովանդակությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930