Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարաք Օբամա. «Ժողովրդավարությունը հեշտ աշխատանք չէ»

Սեպտեմբեր 26,2012 14:25

Նյու Յորքում այսօր շարունակվում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի քննարկումները: ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարները երեկ և այսօր բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են իրավական անհավասարությունը, մարդկային անպաշտպանությունը, կառավարությունների անբարեխիղճ գործունեությունն ու գլոբալ տաքացումը: Aravot.am-ը շարունակում է հետևել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան ամփոփիչ բանավեճի աշխատանքներին: Գլխավոր տարեկան ժողովի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հատուկ անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և նշեց. «Սիրիայում իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Աղետալի այդ վիճակն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից և սպառնում է նաև տարածաշրջանին: Սա լուրջ մարտահրավեր է համաշխարհային խաղաղության և ապահովության հաստատման հարցում»: Արաբական աշխարհում գոյություն ունեցող տարաձայնությունները ընդհանուր ժողովի քննարկման երկրորդ հրատապ թեման էր: Այս կապակցությամբ Կատարի շեյխ Ալ Քհանին հայտարարեց. «Արաբական աշխարհն այս օրերին ապրում է ռիսկի և դժվարությունների ժամանակաշրջան:Այն, ինչ ներկայացվում է արաբական աշխարհի մասին, տարիների բռնատիրության, կոռուպցիայի և կախվածության հետևանք է: Ուստի այս առումով այն իրավիճակը, որ այժմ գոյություն ունի տարածաշրջանում, լիովին բնական և սպասելի էր»: Տարեկան ժողովի ընթացքում իրենց ելույթներով հանդես են գալիս ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարներ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթը սկսեց Լիբիայում սպանված ամերիկացի դիվանագետ Քրիս Սթիվենսի օրինակով՝ փաստելով, որ աշխարհում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում դեռ շատ անելիքներ կան: Բ. Օբամայի ելույթը բավականին հուզական էր, որի ընթացքում նա հայտարարեց. «Մենք բոլորս պետք է վստահ լինենք, որ մեր ապագան կախված է Քրիս Սթիվենսի նման մարդկանցից, ոչ թե նրան սպանողներից»: ԱՄՆ նախագահը նաև նկատեց. «Ազատությունն ու ժողովրդավարությունը կախված են օրենքի գերակայությունից: Ժողովրդավարությունը հեշտ աշխատանք չէ: Հազարավոր ամերիկացիներ են զոհվել հանուն ազատ արտահայտվելու իրավունքի պայքարում, հանուն ազգային խտրականության բացառման»: Օբաման անդրադարձավ նաև Իրանում, արաբական աշխարհում և Սիրիայում գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Այնուհետև եզրափակեց խոսքը այն համոզմամբ, որ այնքան ժամանակ, որքան մարդկությունը ցանկանում է հաստատել արդարադատություն և ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, մարդկային ազատությունը երբեք չի կարող սահմանափակվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930