Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր դեսպանություն ներկայացնում է տվյալ երկիրը իր երաժշտությամբ, իր խոհանոցով» (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2012 14:15

Այսօր Օղակաձեւ այգու մոտ բացվեց «Երկրները մեկ հարկի տակ» գործարար, տնտեսական, մշակութային ուղղվածություն ունեցող փառատոնը: Ներկա էին մոտ 50 տեղական արտադրողներ, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում գործող հյուպատոսություններ, դեսպանատներ: «GMG» ընկերության տնօրենի օգնական Նարինե Ավետիսյանը «Առավոտ.am-ի» հետ զրույցում նշեց, որ սա լավ հնարավորություն է ինչպես գործնական կապերի հաստատման, այնպես էլ իրենց երկրի մշակույթի ներկայացման համար. «Յուրաքանչյուր դեսպանություն ներկայացնում է տվյալ երկիրը իր երաժշտությամբ, իր խոհանոցով: Ընթացքում կհավաքվի հանգանակություն, որը կփոխանցվի սիրիահայ ուսանողներին, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում»:

Ավետիսյանի կարծիքով, «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը մեծ հետաքրքրություն է գտել հանրության շրջանում: Դեռ երեկվանից մարդիկ զանգել եւ ճշտել են միջոցառման հետ կապված հարցեր:

Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի փոքրության պատճառով փառատոնին շատ քիչ բան են ներկայացրել: Նա չի պատկերացնում, թե այս միջոցառումը ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-էստոնական հարաբերությունների վրա, փառատոնից սպասելիք նույնպես չունեն. «Մեզ հրավիրել են, մենք էլ որպես փոքր, բայց ակտիվ համայնք, որոշեցինք մասնակցել»:

Մսամթերք արտադրող «Բարի սամարացի» ընկերությունը փառատոնին ներկայացել էր իր նոր «Մանթաշով» երշիկով: Ապրանքատեսակը ընդամենը օրեր առաջ է սկսել արտադրվել, բայց արդեն հասցրել է սիրվել գնորդների կողմից: Վաճառքի տնօրեն Վահե Ավետյանի խոսքով, փառատոնը եւս մեկ հնարավորություն էր հանրությանը ներկայանալու համար. «Համագործակցության առումով հնարավոր է որոշակի եզրեր գտնվեն, բայց հիմնական խնդիրը կապված է արտահանման ճանապարհի հետ»:

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը կշարունակվի եւս երկու օր:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930