ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է նա, որ դպրոցների 1400 տնօրեններից 1150-ը ՀՀԿ-ականներ են. «Պետական քաղաքականության մեջ պետք է լինի հստակ դիրքորոշում: Հանրակրթությունը պետք է զերծ լինի կուսակցականացումից: Դուք ինքներդ ասացիք, որ քաղաքական պայքարի տեղ չէ դպրոցը: Մեծ մասը տնօրենների ստիպելով դարձել են կուսակցության անդամ եւ իրենց կրծքանշաններով գործունեություն են իրականացնում դպրոցներում»: Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ հարցը Րաֆֆի Հովհաննիսյանի օրակարգից է, որն ուղղել է նախագահին ու սիրով կպատասխանի. «Մեր դպրոցներն ապակուսակցական են: Եթե տնօրենը կուսակցական է, ապա կուսակցական է՝ որպես ՀՀ քաղաքացի: Դեմ եմ սահմանափակումներին, որոնք չկան կրթական օրենսդրության մեջ: Որեւէ օրենք չի արգելում տնօրեններին, ուսանողներին, դասախոսներին լինել կուսակցական: Նման դիտարկումները ոչ իրավական են, ոչ քաղաքական: Այսքան տարի խոսում են խնդրի մասին, որեւէ մեկը չի փորձել խնդրին տալ օրենսդրական լուծում: Որեւէ նախաձեռնություն՝ կապված դպրոցների տնօրենների ապակուսակցականացման հետ չի կատարվում: Խնդիրը միայն բարձրադրման հետ է կապված: Ձեր մատնանշած թվերը շատ ավելի լավատեսական են, քան մեր ունեցած տվյալները: Իրականում ավելի քիչ են»: ՀԱԿ պատգամավորն ասաց, որ այդ տվյալները մարզպետարանների կրթության վարչություններից է վերցրել:
Ըստ Ա. Աշոտյանի, «ՀՀԿ անդամ լինելը տնօրենի համար առավելություն չէ, պարտավորվածություն եւ պատասխանատվություն է, ՀՀԿ -ական տնօրենը պարտավոր է ավելի լավ աշխատել: Տնօրենների քննությունում կտրվածների կեսը ՀՀԿ-ական են: Նրանք չեն կտրվել, որովհետեւ ՀՀԿ-ական են, նրանց մեջ եղել է ՀՅԴ անդամ, ՕԵԿ անդամ, անգամ ՀՀՇ անդամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ