Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական գրական փոխառնչությունների անխոնջ ուսումնասիրողը

Սեպտեմբեր 26,2012 13:55

Գրականագետ Ռոբերտ Բաղդասարյանը 65 տարեկան է

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների, ռուս-հայկական գրական-հասարակական եւ պատմամշակութային կապերի հեղինակավոր ու լուրջ ուսումնասիրողների շարքին է պատկանում բանասիրության դոկտոր, գրականագետ Ռոբերտ Բաղդասարյանը:

Նա ծնվել է Երեւանում՝ վանեցի ու նոր-նախիջեւանցի (Դոնի Ռոստով) պապերի ընտանիքում: Երեւի, դա հենց այն պատճառներից մեկն էր, որն ամուր կապեց ապագա գիտնականին ոչ միայն հայ, այլեւ ռուս մշակույթին, դրսեւորեց սերը դեպի ռուսաց լեզուն ու ռուս գրականությունը:

Ռ. Բաղդասարյանը ազնվորեն անցել է քաղաքացու եւ անձի ձեւավորման բոլոր փուլերը. դպրոց, բուհ, բաշխման արդյունքում Լոռու հեռավոր գյուղերից մեկում աշխատանք՝ որպես ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչ, ապա զինվորական ծառայություն՝ հեռավոր Ռուսաստանում…

Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում ուսման տարիներին իրեն լավ դրսեւորած Ռ. Բաղդասարյանն արժանանում է դասախոսների սիրուն ու հարգանքին. նրան փայլուն ապագա են գուշակում բուհի հեղինակավոր դասախոսները՝ Զոյա Յասինսկայան, Տիգրան Հախումյանը, Վիկտոր Չիտունին, Միրրա Միրզա-Ավագյանը, Մարգարիտ Աթաբեկյանը, Էդուարդ Նուրալովը եւ այլք… Եվ նա արդարացնում է իր դասախոսների սպասումները…

1970-ական թվականներից սկսած, արդեն գիտական ուղին բռնած ու հետաքրքրությունների շրջանակները հստակեցրած երիտասարդը, ծանոթանում է հայ գրականագիտության, հայ-ռուսական փոխառնչությունների այնպիսի ականավոր դեմքերի հետ, ինչպիսիք էին Գ. Հովնանը, Ղ. Այվազյանը, Գ. Թաթոսյանը, Ս. Դարոնյանը, Լ. Մկրտչյանը, Է. Ջրբաշյանը, Ե. Ալեքսանյանը եւ այլք:

Այդ գործնական շփումների, տարիների հետեւողական ու լարված աշխատանքի արդյունքում պատրաստվում են Ռ. Բաղդասարյանի թեկնածուական եւ դոկտորական գիտական թեզերը, լույս տեսնում գիտական մենագրություններն ու գրքերը. «Նիկոլայ Տիխոնովը եւ Հայաստանը» (1995), «Ցեղասպանությունը եւ Ռուսաստանի հայ մտավորականությունը» (2003), «Անտոկոլսկին եւ Հայաստանը» (2004), «Սրտից սիրտ» (2007), «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը եւ ներդրումը ռուս-հայ գրական-մշակութային փոխառնչությունների մեջ» (2010): Ի դեպ, վերջում նշված մենագրությունը արժանացել է ոչ միայն մասնագետների հավանությանը, այլեւ հենց գրքի հերոսի՝ բռնադատված եւ աքսորում մահացած գրողի որդու՝ անվանի սովետական կինոռեժիսոր Ս. Միքայելյանի ուշադրությանն ու գովեստին…

Ռ. Բաղդասարյանը ոչ միայն իր գործին նվիրված լուրջ գրականագետ է, այլեւ, կարելի է ասել, այսօրվա Հայաստանում ռուսաց լեզվի ու գրականության ճանաչված եւ լավագույն մասնագետներից մեկն է: Հայաստանի ժուռնալիստների միության 30 տարվա անդամ է, նաեւ՝ բավականին հայտնի հրապարակախոս:

Տարբեր տարիներին նա նաեւ զբաղվել է մանկավարժա-դասախոսական աշխատանքով: Մի շարք բուհերում, մասնավորապես իր alma mater-ում՝ Բրյուսովի անվան համալսարանում, ինչպես նաեւ Գավառի պետհամալսարանում եւ այլ ուսումնական հաստատություններում դասավանդել է ժամանակակից ռուսաց լեզու, 19-20-րդ դարերի ռուս գրականություն, գրականագիտության տեսություն, հայ-ռուսական գրական կապերի հատուկ կուրս:

Նա այն հայ մտավորականներից է, բնիկ երեւանցիներից, ով 90-ականներին՝ հուսահատության, խավարի ու ցրտի տարիներին, չլքեց երկիրը: Այդ ծանր տարիներին, որպես իսկական քաղաքացի եւ հայրենասեր, ելույթ ունեցավ մամուլում հայրենասիրական եւ սուր հոդվածներով՝ աճող արտագաղթի դեմ…

Ռ. Բաղդասարյանը ոչ միայն հայտնի ու փայլուն գիտնական է իր ասպարեզում, նա նաեւ կենսուրախ, լավատես, շիտակ ու մարդամոտ, լայն հետաքրքրությունների տեր անձնավորություն է: Աշխատանքից դուրս նրա զբաղմունքների թվում են յուղաներկով նկարչությունը, լուսանկարչությունը, ճանապարհորդությունները… Նա մի շարք յուրատեսակ ու գրավիչ պատմվածքների հեղինակ է, որոնք տպագրվել են հայաստանյան ռուսալեզու պարբերականներում, վերջերս լույս տեսել առանձին գրքույկով:

65-ամյակը կյանքի կեսն է՝ առջեւում կան դեռ բազում անելիքներ, նոր ուսումնասիրություններ, անսպասելի հայտնագործություններ…

Ծնունդդ շնորհավոր, սիրելի եւ հարգելի Ռոբերտ Բաղդասարյան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

բանասիրության դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930