Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվանի» դառնալու մոլուցք

Սեպտեմբեր 26,2012 13:52

Սեպտեմբերի 18-ի «Առավոտում» ԵՊՀ ասպիրանտ Սոնա Մնացականյանը հրապարակել է մի գրություն եւ վերնագրել «Անվանի չլինելու հետեւանքները»: Ինձ ուղղակի հիասթափեցնում է ոչ միայն գրության սադրիչ հորինվածքը, այլ նաեւ «ասպիրանտի» վարքը, որ դիպվածի ոչ ճիշտ մեկնաբանությամբ միտում ունի հանկարծ «անվանի» դառնալու՝ շահարկելով ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի եւ նրա տնօրենի՝ Ավիկ Իսահակյանի անունը: Նույնիսկ ավելին, չբավարարվելով դրանով, վկայաբերում է ինձ՝ որպես հայ նորագույն գրականության բաժնի վարիչի՝ իբրեւ թե բառացի «վերարտադրելով» մեր խոսակցությունը:

Նախապես ասեմ, որ չափազանց տարակուսած եմ այն ստով, որ կարողանում է մատուցել ԵՊՀ ասպիրանտը՝ Սոնա Մնացականյանը: Ուստի հրապարակայնորեն վկայում եմ, որ ասպիրանտուհին, կարծելով, թե քողարկվում է ԵՊՀ-ի անվան տակ, զրպարտում է թե՛ նրանց, թե՛ գրականության ինստիտուտին: Ինձ նախապես զանգել եւ խնդրել էր լսել Ս. Մնացականյանին գրականագետ Արք. Նիկողոսյանը, ուստի կարիք չկա թաքցնելու նրա անունը, ով, իհարկե, չէր կարող ասել, որ գրականության ինստիտուտում թափուր աշխատատեղեր կան (աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր կնքվում են տարեսկզբին): Հարգելով Արք. Նիկողոսյանի խնդրանքը, լսել եմ ասպիրանտուհուն (նրա զանգի հիման վրա պայմանավորվելով հանդիպել եմ գրականության ինստիտուտում եւ ոչ թե «դիմավորել եմ» ինստիտուտի միջանցքում, ինչպես ասպիրանտն է պնդում): Մեր հանդիպման ժամանակ առաջին հարցը եղել է հետեւյալը. «Եթե ուսանողուհին ավարտել է արդեն ԵՊՀ ասպիրանտուրան, ինչո՞ւ աշխատանքի չեն ընդունել այնտեղ»: Պատասխանել է. «ԵՊՀ-ի գրականության ամբիոնում իրեն հալածում են, իր սոցիալական վիճակը ծանր է, չունի համապատասխան գումար աշխատանքի ընդունվելու համար, ուստի նախընտրում է մաքուր տեղ աշխատել»: Իհարկե, իմ ռեակցիան դրանից հետո եղել է միայն մերժողական, հասկանալով, որ գործ ունենք բանսարկուի հետ: Իսկ Ս. Մնացականյանը, չլսելով իմ հորդորները՝ խոսակցությունը այլեւս չշարունակելու, նախընտրեց ներխուժել տնօրենի՝ Ավ. Իսահակյանի առանձնասենյակ եւ, իմ ներկայությամբ, ագրեսիվ կեցվածքով վիրավորեց նրան: Հավաստում եմ, որ նրան ընդունել են, լսել եւ կիրթ ձեւով մերժել: «Անվանի» լինելու մասին խոսք չի եղել, անհավանական է, որ խոսեին (այն էլ ասպիրանտուհու հետ): Ընդհակառակը, տնօրենը հանձնարարել է ինձ ուսումնասիրել Ս. Մնացականյանի գործերը, վերստին լսել նրան եւ եզրակացություն ներկայացնել տնօրինությանը, հրավիրել նրան առանձին հոդվածներով հանդես գալ ինստիտուտի կողմից հրապարակվող գիտական հանդեսներում: Հավանաբար սա չի բավարարել Ս. Մնացականյանին եւ, մեր կարծիքով, ուրիշ (ոչ ազնիվ) նպատակ հետապնդելով, նախընտրել է խառնել խաղաքարտերը՝ ինչ-որ մրցակցության միֆ հորինելով գրականության ինստիտուտի եւ ԵՊՀ-ի միջեւ: Մինչդեռ հարցի նման մեկնաբանությունը պարզունակ է կամ բանահյուսության ոլորտից է. գրականության ինստիտուտի եւ ԵՊՀ-ի միջեւ կա եւ կարող է լինել միայն գիտական համագործակցություն: Իսկ մրցակցություն, երկխոսություն ու բանավեճ կարող են լինել անձերի միջեւ եւ պարտադիր չէ, որ նրանք գործեն տարբեր կազմակերպություններում եւ գիտական հիմնարկներում: Ուստի, հակադրելու ճանապարհով, Ս. Մնացականյանը փորձ է անում իր անունը «ճանաչելի» դարձնել եւ, իր կարծիքով, «անվանի» լինելը այսպես է հասկանալի իր երեւակայության մեջ: Սա մեր ժամանակի ամենատարածված հիվանդությունն է (ախտանշանը՝ երեւակայություն ու ագրեսիա), որից պետք է ձերբազատվել, որից իրապես կարիք ունի ձերբազատվելու Ս. Մնացականյանը (եթե, իհարկե, ուշ չէ, ախտանշանները խոր են արտահայտված նրա վարքում): Գրականության ինստիտուտը ամեն տարի համալրվում է նոր՝ երիտասարդ ուժերով եւ կարիք չունի այնպիսի «ասպիրանտի», ինչպիսին Ս. Մնացականյանն է, ով մեկ-երկու գրություն հրապարակելով (այն էլ «Գրական սփյուռքի» գլխավոր խմբագրի շտկումներով), հավակնում է ինքն իրեն «գրականագետ» անվանել: Դրա համար, իրոք, ճանապարհ են անցնում եւ վաստակում գրականագետ լինելու պատիվը:

Եվ վերջապես՝ մի նկատառում եւս: Այն «գիտնականը» (թեկուզ սկսնակ), որ անպարկեշտ վերաբերմունք ունի ազգային ակադեմիայի նկատմամբ, որ առաջիններից մեկը, հայտնի դեպքերի պատճառով, խզեց կապերը Հունգարիայի հետ, դրանով հայտնելով իր քաղաքացիական դիրքորոշումը, մեր «անվանի» ասպիրանտին ծաղրալի համեմատության է մղում: Եվ դրանից հետո կարո՞ղ եք երեւակայել, որ Ս. Մնացականյանը, թեկուզ ապագայում, կարող է համալրել գրականագետների շարքերը եւ կրել հայ մտավորականի պատիվը, եթե դույզն-ինչ հարգանք չունի ճանապարհ անցած գիտնականի եւ գիտական կազմակերպության նկատմամբ:

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի

անվան գրականության

ինստիտուտի բաժնի վարիչ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930